Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա և կուսական մարմնի մնացած առաձիգ ու համաչափ անդամները։ Ո՛չ, նրա սրտի մեջ նրանք չէին հանգել և չէին ոչնչացել, նրանք միայն մի կողմ էին քաշվել, որպեսզի միառժամանակ ազատություն տան ուրիշ հզոր զգացումների։ Եվ սակայն երիտասարդ կոզակի խորունկ քունը նրանք հաճախ էին վրդովում։ Եվ, արթնանալով, նա անքուն պառկում էր մահճի վրա, չկարողանալով մեկնել իր անքնության պատճառը։

Նա քայլում էր, իսկ սիրտը տրոփում էր ավելի և ավելի ուժեղ, երբ հիշում էր, որ նրան նորից պիտի տեսնի, և դողում էին առույգ ծնկները։ Հասնելով սայլերին՝ նա բոլորովին մոռացավ, թե ինչու է եկել, ձեռքը ճակատին տարավ և երկա՜ր-երկար շփեց ճակատը, ջանալով հիշել, թե ի՞նչ պետք է անի։ Վերջապես, ցնցվեց և ահը պատեց նրան, նա հանկարծ մտաբերեց, որ աղջիկը մեռնում է քաղցից։ Նա հարձակվեց սայլի վրա և թևի տակ դրեց մի քանի մեծ սև հաց, բայց իսկույն մտածեց, թե այդ ուտելիքը, որ հարմար է բռի և անքմահաճ զապորոժցու համար, արդյոք կոշտ և անվայել չի՞ նրա նուրբ կազմվածքին։ Նա հիշեց, որ կոշևոյը երեկ խոհարարներին նախատում էր, որ նրանք ամբողջ արինջի ալյուրը մեկ անգամից եփել են խավիծի համար, այնինչ ալյուրը հերիք կաներ երեք անգամի։ Լիովին համոզված, որ կաթսաների մեջ նա կգտնի խավիծ, որքան ուզի, նա դուրս քաշեց հոր ռազմերթի կաթսան և գնաց իրենց կուրենի խոհարարի մոտ, որը քնած էր երկու տասը դույլանոց կաթսաների կողքին, որոնց տակ մոխիրը դեռ տաք էր։ Նայելով կաթսաների մեջ, նա զարմացավ, տեսնելով, որ երկուսն էլ դատարկ են։ Գերմարդկային ուժեր էին պետք կաթսաները դատարկելու, մանավանդ որ նրանց կուրենում ավելի քիչ մարդիկ կային, քան ուրիշ կուրեններում։ Նա նայեց ուրիշ կուրենների կաթսաները. ամեն տեղ դատարկ էր։ Ակամայից նա մտաբերեց ասացվածքը. «Զապորոժցիները երեխաների նման են, քիչ լինի կուտեն, շատ լինի՝ է՛լի բան չեն թողնի»։ Ի՞նչ անել։ Մի ինչ-որ տեղ, կարծես հոր սայլի վրա, պետք է որ մի պարկ սպիտակ հաց լինի, որ գտել էին վանքի փուռը կողոպտելու ժամանակ։ Նա ուղղակի մոտեցավ հոր սայլին, բայց սայլի վրա պարկը չկար։ Օստապը պարկը դրել էր գլխատակին և