ուշագնա է, համենայն դեպս նա ոչինչ չէր լսում ու չէր տեսնում և, գլուխը կրծքին խոնարհած, անշարժ նստել էր միևնույն տեղը։ Մի ուրիշ տան կտուրից, պարանի հանգույցից ներքև էր կախվել մի ձգված և սմքած մարմին, խեղճը մինչև վերջ չէր կարողացել կրել քաղցի տանջանքները և ավելի լավ էր համարել ինքնակամ սպանությամբ արագացնել իր վախճանը։ Քաղցի այդ սոսկալի ապացույցները տեսնելով` Անդրին չդիմացավ և հարցրեց թաթարուհուն.
«Մի՞թե սրանք ոչինչ չեն գտել մի կերպ կյանքը երկարացնելու։ Մարդ եթե վերջին հուսահատության է հասնում, ուզի-չուզի պիտի ուտի այնպիսի բաներ, որոնցից առաջ զզվում էր, նա կարող է ուտել այնպիսի անասուններ, որոնք անսուրբ են. ամեն ինչ կարող է սնունդ լինել»։
«Ամեն ինչ կերել են, — ասաց թաթարուհին, — ամբողջ տավարը։ Քաղաքում չես գտնի ո՛չ ձի, ո՛չ շուն, ո՛չ նույնիսկ մուկ։ Մեր քաղաքը երբեք պաշար չի պահել. ամեն ինչ գյուղերից էին բերում»։
«Բայց ինչպե՞ս է, որ մեռելներով այսպիսի ժանտ մահով, դուք դեռ հույս ունեք քաղաքը պաշտպանելու»։
«Այո՛, գուցե վոևոդն անձնատուր լիներ, բայց երեկ կողջանի զորամասի պետը մի բազե էր բաց թողել քաղաքի կողմը և գրել էր, որ քաղաքը չհանձնեն, որ նա օգնության է գալիս իր զորագնդով, բայց սպասում է մի ուրիշ զորավարի, որպեսզի երկուսով միասին գան։ Եվ հիմա ամեն րոպե նրանց սպասում են․․․ Բայց ահա և հասանք տուն»։
Անդրին դեռ հեռվից էր տեսել տունը, որ նման չէր մյուսներին և թվում էր, թե կառուցված է մի որևէ իտալացի ճարտարապետի ձեռքով։ Նա շինված էր գեղեցիկ ու բարակ աղյուսներից և երկհարկանի էր։ Ստորին հարկի պատուհաններն ամփոփված էին բարձր ցցված գրանիտե երիզների մեջ. վերին հարկն ամբողջովին փոքրիկ կամարներից էր, որոնք սրահ էին կազմում. կամարների միջև երևում էին զինանիշներով վանդակները. տան անկյունում նույնպես զինանիշներ կային։ Ներկած աղյուսներից կառուցված դրսի լայն սանդուղքը տանում էր ուղիղ դեպի հրապարակ։ Սանդուղքի ոտների մոտ նստել էին մի-մի պահակ, որոնք համաչափ և գեղեցկատեսիլ մի ձեռքով բռնել էին իրենց կողքին դրած կրկնատեգ գեղարդը,