ըստ երևույթին քաղաքային մագիստրատն էր կամ որևէ այլ կառավարական տուն։ Նա երկհարկանի էր, և նրա վերևը կառուցված էր բելվեդերը՝ երկու կամարով. այնտեղ կանգնած էր պահակը։ Կտուրին ամրացված էր մեծ ժամացույցը։ Հրապարակը կարծես անկենդան էր, բայց Անդրին լսեց մի թույլ նվվոց։ Չորս կողմը դիտելով, նա հրապարակի մյուս ծայրին նկատեց երկու-երեք մարդկանց, որոնք համարյա անշարժ պառկել էին գետնին։ Նա ավելի ուշադիր սևեռեց աչքերը, որպեսզի տեսնի, արդյոք քնա՞ծ են նրանք, թե մեռած, և այդ ժամանակ դիպավ ոտքի առաջ ընկած մի բանի։ Դա մեռած կնոջ մարմին էր, ըստ երևույթին՝ ջհուդ կնոջ։ Երևում էր, որ կինը դեռ երիտասարդ էր, թեև նրա թորշոմած և այլանդակված դիմագծերն այդ չէին ասում։ Նրա գլխին մետաքսե կարմիր թաշկինակ էր. գոհարների կամ ուլունքների երկու շարք զարդարում էին նրա ականջակալները, երկու-երեք երկար հյուսած գանգուրներ կախվել էին նրա չորացած պարանոցի վրա, որի երակները ձգվել էին։ Նրա մոտ պառկել էր մի երեխա, որ ջղաձիգ ձեռքով բռնել էր մոր նիհար կուրծքը և, կաթ չգտնելով, ակամա չարասրտությունից մոր կուրծքը ոլորել էր իր մատներով։ Նա արդեն ոչ լալիս էր և ո՛չ բղավում, այլ միայն նրա հանդարտ իջնող ու բարձրացող ստամոքսից կարելի էր կարծել, որ նա դեռ չի մեռել և կամ դեռ նոր է պատրաստվում փչելու վերջին շունչը։ Նրանք դարձան դեպի փողոցները, և հանկարծ նրանց կանգնեցրեց մի խելագար, որը տեսնելով Անդրիի թանկագին բեռը, վագրի նման հարձակվեց նրա վրա, կառչեց նրանից և բղավեց. «Հա՜ց»։ Սակայն նրա ուժերը նրա գազանության չափ չէին. Անդրին նրան հրեց, և նա գետին գլորվեց։ Կարեկցությունից դրդված նա մի հաց շպրտեց նրան, և խելագարը կատաղած շան նման հարձակվեց հացի վրա, կրծեց ու կծոտեց, և հենց նույն տեղը, փողոցում, սոսկալի գալարումներով շունչը փչեց, որովհետև շատ վաղուց ոչինչ չէր կերել։ Համարյա յուրաքանչյուր քայլափոխի նրանց զարմացնում էին քաղցի սոսկալի զոհերը։ Թվում էր, թե շատերը տանը չդիմանալով տանջանքներին, դիտմամբ փողոց էին թափվել. արդյոք օդի հետ չի՞ առաքվի ուժ սնուցող մի որևէ բան։ Մի տան շեմքի առաջ նստել էր մի պառավ և չէր կարելի ասել՝ քնա՞ծ է նա, մեռե՞լ է, թե՞
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/60
Արտաքին տեսք