Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Նա քնած է»։

«Իսկ հո՞րս»:

«Տարա նրան, նա ասաց, որ ինքը կգա և ասպետին շնորհակալություն կհայտնի»։

Նա հացը վերցրեց և բերանն առավ։ Անդրին շունչը պահեց և միայն նայում էր, թե ինչպես է նա իր շողշողուն մատներով հացը պոկում և ուտում։ Ու հանկարծ հիշեց քաղցից խելագար մարդուն, որը նրա աչքի առաջ շունչը փչեց, հենց որ մի կտոր հաց կերավ։ Նա գունատվեց և նրա ձեռքից բռնելով, բղավեց. «Հերիք է, էլ մի՛ ուտի, դա վաղուց է չես կերել, հացը հիմա կարող է քեզ սպանել»։ Պաննան իսկույն իջեցրեց ձեռքը, հացը դրեց սկավառակի վրա և ինչպես հնազանդ երեխա, նայեց նրա աչքերին։ Եվ թող որևէ մեկը խոսքով կարողանա արտահայտել այդ․․․ սակայն թե՛ դուրը, թե՛ վրձինը և թե՛ հզորագույն բառն անզոր են արտահայտելու ոչ այն, ինչ երբեմն նկատելի է կույսի աչքերի մեջ, և ոչ էլ այն հեզահամբույր զգացումը, որ համակում է կույսի այդպիսի հայացքներ դիտողին։

«Թագուհի,— բացականչեց Անդրին, որը լեփլեցսւն էր թե՛ սրտի և թե՛ հոգու զգացումներով։ — Քեզ ի՞նչ է պետք, ի՞նչ ես ուզում, հրամայիր ինձ։ Տուր ինձ աշխարհի ամենադժվար գործը, և ես կվազեմ կատարելու։ Ինձ ասա անեմ այն, ինչ որ չի կարող անել և ոչ մի մարդ, և ես կկատարեմ, ես մահու կտամ իմ գլուխը․․․ կտա՛մ, կտա՛մ իմ կյանքը, և քեզ համար խորտակել կյանքը, երդվում եմ սուրբ խաչով, ինձ համար այնքան քաղցր է․․․ բայց ես անզոր եմ ասելու, թե ինչքան քաղցր է։ Ես ունեմ երեք ագարակ, իմ հոր երամակների կեսը իմն է, այն բոլորը, ինչ որ մայրս օժիտ է բերել, նույնիսկ այն, ինչ որ նա թաքցում է հորիցս, այդ բոլորն իմն է։ Այժմ կոզակներից ոչ մեկն այնպիսի զենք չունի, ինչպիսին ես ունեմ. միայն իմ թրի կոթին տալիս են ամենաընտիր երամակը և երեք հազար ոչխար։ Եվ այդ բոլորից կհրաժարվեմ, կթողնեմ, դեն կշպրտեմ, կվառեմ, կթափեմ ջուրը, եթե միայն դու մի խոսք ասես և կամ թեկուզ թարթես քո բարակ ու սև ունքը։ Բայց գիտեմ, որ գուցե հիմար խոսքեր եմ ասում և անտեղի, որ այդ բոլորն այստեղ վայել չեն. ես չեմ, որ պիտի այդպես խոսեմ, ես, որ կյանքս անց եմ