Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացրել բորսայում և Զապորոժիեում. ես չե՜մ, որ պիտի խոսեմ այնպես, ինչպես խոսում են այնտեղ, որտեղ լինում են թագավորները, իշխանները, ազնվատոհմ մարդիկ և տոհմիկ ասպետութան լավագույնները: Տեսնում եմ, որ դու աստծու այլ ստեղծածն ես, քան մենք բոլորս, և քեզնից շատ պակաս են մյուս մնացած իշխանների բոլոր կանայք և կույս աղջիկները։ Մենք անարժան ենք քո ճորտը լինելու, միայն երկնային հրեշտակները կարող են քեզ սպասավոր լինել»։

Աղջիկը, հետզհետե աճող զարմանքով, ամբողջովին լսողություն դարձած, ոչ մի խոսք չարտասանելով, լսում էր պարզ և սրտաբուխ խոսքը, որ, ինչպես հայելու մեջ, արտացոլում էր երիտասարդ և կենսուրախ հոգին, և այդ խոսքի յուրաքանչյուր հասարակ բառը, որ արտասանվում էր սրտի խորքից ելնող ձայնով. համակ ուժ էր։ Նրա չքնաղ դեմքը ձգվել էր առաջ, նա ետ վանեց երեսին թափված մազերը, բացեց բերանը և այդպես երկար ժամանակ նայում էր. հետո կամեցավ մի բան ասել, բայց հանկարծ կանգ առավ և հիշեց, որ այլ է ասպետի դերը, որ նրա հայրը, եղբայրները և նրա ողջ հայրենիքը դաժան վրիժառուների նման կանգնել են նրա հետևը, որ զարհուրելի են քաղաքը շրջապատող զապորոժցիները, որ իրենք իրենց քաղաքի հետ դատապարտված են վայրագ մահվան․․․ Եվ նրա աչքերը հանկարծ լցվեցին արցունքով. նա արագ վերցրեց մետաքսե թելերով կարած թաշկինակը, ծածկեց դեմքը և մի վայրկյանում թաշկինակը թաց եղավ։ Եվ իր չքնաղ գլուխը ետ գցած՝ երկար նստեց, ձյունափայլ ատամներով սեղմելով իր գեղեցիկ ներքին շրթունքը, կարծես թե անակնկալ զգացել էր թունավոր օձի խայթոց և երեսից չէր հեռացնում թաշկինակը, որպեսզի Անդրին չտեսնի իր հոգեմաշ մորմոքը։

«Մի խոսք ասա՛ ինձ», – ասաց Անդրին և բռնեց նրա ատլասե ձեռքը։ Այդ հպումից նրա երակների միջով անցավ փայլատակող հուրը, և իր ձեռքի մեջ նա սեղմեց աղջկա անզգա ընկած ձեռքը։

Սակայն աղջիկը լուռ էր և դեմքից չէր հեռացնում թաշկինակն ու մնում էր անշարժ։

«Ինչո՞ւ ես դու այդքան տխուր, ասա՛ ինձ, ինչո՞ւ ես դու այդքան տխուր»։