Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխույժ ցույց տալիս՝ հրամաններ արձակելով. երևում էր, որ չնայած նվազ մարմնին, նա քաջ գիտեր ռազմի ուսմունքը։ Նրանից քիչ հեռու կանգնել էր երկարահասակ խորունժին, թավ բեղերով, և թվում էր, թե նրա դեմքը չափից ավելի կարմիր էր. այդ պանը սիրում էր թունդ մեղրագինի և ուրախ խրախճանք։ Եվ նրանց հետևից երևում էին ուրիշ շատ ազնվականներ, որոնցից ոմանք զինվել էին ի հաշիվ իրենց ոսկիների, ոմանք՝ թագավորական գանձարանի հաշվին, ոմանք՝ ջհուդների փողով, գրավ դնելով այն ամենը, ինչ գտել էին պապենական ամրոցներում։ Քիչ չէին և սենատորական ամեն տեսակի ճաշորդներ, որոնց սենատորներն առնում էին իրենց հետ և հացկերույթի էին նստում միասին, որպես պատվո նշան, և որոնք սեղանի վրայից և կամ սպասանոցից գողանում էին արծաթյա թասեր և այսօրվա հարգանքից հետո մյուս օրը մի որևէ պանի մոտ կառապանի պաշտոն էին կատարում։ Ամեն տեսակ մարդ կար այնտեղ։ Պատահում էր, որ փող չէր լինում խմելու, իսկ պատերազմի համար բոլորն էին զարդարվել։ Կոզակների շարքերը հանդարտ կանգնել էին պարիսպների առաջ։ Նրանցից ոչ մեկի վրա ոսկի չկար, միայն երբեմն ոսկին տեղ-տեղ փայլփլում էր զենքերի ագուցարանի և թրերի կոթի վրա։ Կոզակները պատերազմի ժամանակ չէին սիրում ճոխ զարդարվել, նրանք պարզ օղազրահներ և զգեստներ ունեին, և հեռվից սևին ու կարմրին էին տալիս ոչխարի մորթուց նրանց սև ու կարմրակատար գդակները։

Ջապորոժցիների շարքերից առաջ եկան երկու կոզակ։ Նրանցից մեկը բոլորովին երիտասարդ էր, մյուսը՝ ավելի տարեց, երկուսն էլ լեզվանի էին և գործի ժամանակ նույնպես վատ կոզակներ չէին՝ Օխրիմ Նաշը և Միկիտա Գոլոպիտենկոն։ Նրանց հետևից գնաց և Դեմիդ Պոպովիչը, ամրակազմ մի կոզակ, որ վաղուց էր Սեչում. նա եղել էր Ադրիանապոլսի կռիվներում և իր կյանքում շատ բան էր տեսել` վառվել էր կրակի մեջ և վազել դեպի Սեչը կուպրած, սևացած գլխով և այրված բեղերով։ Բայց նորից լցվել էր Պոպովիչը, մազերի փրչիկը փաթաթել էր ականջով, բուսել էին թանձր բեղեր, ինչպես կուպրը։ Կծու խոսքի մեջ Պոպովիչը մի հատ էր։