Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Է՛յ, ձեր բոլոր զորքը կարմիր ժուպան է հագել, բայց ասեք տեսնեմ ձեր ուժն էլ այդքան անհա՞ղթ է»։

«Ա՛յ ես ձեզ, — վերևից բղավեց գեր գնդապետը։ — Բոլորիդ պիտի կապոտեմ, լավ է, գյադաներ, դո՛ւք հանձնեք ձեր ձիերն ու զորքերը։ Տեսա՞ք, ինչպես ձերոնց կապոտեցի։ Զապորոժցիներին դուրս բերեք պատնեշի վրա, թող տեսնեն»։ Եվ պատնեշի վրա բարձրացրին պարաններով կապկպած զապորոժցիներին։ Ամենից առաջ կուրենի ատաման Խլիբն էր, առանց շալվարի և վերին արդուզարդի, այնպես, ինչպես գերել էին հարբած վիճակում։ Ատամանը գլուխը կախեց գետին, իր կոզակների առաջ ամաչելով իր մերկության համար, որ շան նման գերի էր ընկել քնած ժամանակ։ Եվ մի գիշերվա մեջ սպիտակել էր նրա գլուխը։

«Դարդ մի՛ անի, Խլիվ, կփրկենք»,— ներքևից բղավեցին կոզակները։

«Դարդ մի՛ անի, ախպեր տղա, — արձագանքեց կուրենի ատաման Մորուքը։ — Դու մեղավոր չես, որ քեզ տկլոր են գերի բռնել։ Ամեն մարդու հետ փորձանք կպատահի։ Բայց ամոթ նրանց, որ քեզ դուրս են բերել անարգանքի համար և ինչպես վայել է չեն ծածկել քո մերկությունը»։

«Երևում է, որ դուք քաջ եք, երբ թշնամու զորքը քնած է», — ասաց Գոլոկոպիտենկոն, նայելով պատնեշի կողմը։

«Դուք դեռ սպասեք, մենք կկտրենք ձեր քյաքուլները»,– բղավեցին վերևից։

«Ես կուզեի տեսնել, թե ոնց են նրանք մեր քյաքուլները կտրելու, — ասաց Պոպովիչը, նրանց առաջ շրջվելով ձիու վրա։ Ապա, յուրայիններին նայելով, ասաց. «Ինչ կա որ. գուցե լեհացիք ճիշտ են ասում. եթե այն հաստափորը նրանց առաջնորդի, նրանք լավ պաշտպանություն կունենան»։

«Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ նրանք լավ պաշտպանություն կունենան», — ասացին կոզակները, իմանալով, որ Պոպովիչը հավանորեն պատրաստվում է մի բան ասելու։

«Որովհետև ամբողջ զորքը կպահվի նրա հետևը, և ոչ մի կերպ հաստ փորի միջով չես կարող որևէ մեկին նիզակով խոցել»։ Բոլոր կոզակները ծիծաղեցին։ Եվ դեռ երկար ժամանակ նրանցից շատերը գլուխները թափահարում էին, ասելով. «Ա՛յ քեզ, Պոպովիչ. մեկին որ մի խոսք ծեփի, այնպես կանի, որ»: