Եվ թարմ ուժերով հարձակվեցին թշնամու վրա։ Այդ հարձակման ընթացքում շատ թշնամի ջարդեցին։ Շատերը հերոսություն արին՝ Մետելիցյան, Շիլոն, զույգ Պիսարենկոները, Վովտուզենկոն և ուրիշ շատ շատերը։ Լեհացիք տեսան, որ բանը բուրդ է, նշան արին և բղավեցին, որ բացեն քաղաքի դարբասները։ Ճռինչով բացվեցին երկաթապատ դարբասները, և ներս մտան խռնվածները, ինչպես ոչխարը փարախի դռնով, ներս մտան փոշեթաթախ և հոգնած ձիավորները։ Զապորոժցիներից շատերը կամեցան հետապնդել նրանց, բայց Օստապը յուր ումանցիներին կանգնեցրեց, ասելով. «Հեռու, պան եղբայրներ, պատերից հեռու կացեք, հարկավոր չէ մոտենալ»։ Եվ նա ճշմարիտ ասաց, որովհետև պարիսպների գլխից որոտացին և տեղացին ամեն ինչ, ինչ ձեռք էր ընկնում, և շատերը վնասվեցին։ Այդ ժամանակ մոտ եկավ կոշևոյը և Օստապին գովեց, ասելով. «Ահա նոր ատամանը, բայց զորքին այնպես է ղեկավարում, որ կարծես թե հին է»։ Ծերունի Բուլբան երեսը շրջեց, որ տեսնի, թե այդ ի՛նչ նոր ատաման է, և բոլոր ումանցիների առջև ձիու վրա տեսավ Օստապին, գդակը ծուռ թեքած և ատամանի ավազանը ձեռքին։ «Տես ինչպիսի՜ն է», - ասաց նա, նայելով նրան. և ուրախացավ ծերունին, շնորհակալ եղավ ումանյան կոզակներին այն պատվի համար, որին արժանացել էր իր որդին։
Կոզակները նորից ետ նահանջեցին, պատրաստվելով վերադառնալ բանակատեղիները, և քաղաքի պատնեշի վրա նորից երևացին լեհացիները՝ պատառոտված տառատոկներով։ Շատերի թանկագին կաֆտանների վրա արյունը չորացել էր, և փոշի էր նստել պղնձյա գդակների վրա։
«Հը, կապոտեցի՞ք մեզ», - ներքևից կանչեցին զապորոժցիները։
«Ա՜յ, ես ձեզ…» - դարձյալ նույն կերպ վերևից բղավեց հաստ գնդապետը, պարանը ցույց տալով. և դեռևս չէին դադարում իրար սպառնալ փոշոտ և ուժասպառ ռազմիկները, ու նրանք, որոնք եղել էին ռազմի դաշտում, երկուստեք ավելի սուր խոսքեր էին ասում իրար։
Վերջապես, բոլորը ցրվեցին։ Ով, ճակատամարտից հոգնած, մեկնվեց հանգստանալու, ով հող մաղեց իր վերքերի