Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մետաքսե քուղը, որ խորունժին առել էր գերիներին կապելու, և հենց նրա քուղով կապկպեց նրա ձեռքերն ու ոտքերը, քուղի մի ծայրը կապեց թամբին և նրան քարշ տվեց դաշտի միջով, բարձր կանչելով Ումանի կուրենի բոլոր կոզակներին, որպեսզի գան և վերջին հրաժեշտը տան իրենց ատամանին։

Երբ Ումանի կուրենի կոզակները լսեցին, որ այլևս կենդանի չէ իրենց ատաման Մորուքը, լքեցին ռազմի դաշտը և հավաքվեցին թաղելու նրան և հենց նույն տեղն էլ սկսեցին խորհրդակցել, թե ո՞ւմ ընտրեն կուրենի ատաման։ Վերջապես ասացին. «Էլ ինչո՞ւ խորհրդակցել. Օստապ Բուլբայից ավելի լավին ատաման չենք ընտրի։ Ճիշտ է, նա մեզնից երիտասարդ է, բայց նրա խելքն ալևոր մարդու խելքի չափ է»։ Օստապը, գլխարկը հանելով, իր բոլոր կոզակ ընկերներին շնորհակալություն ասաց այդ պատվի համար, պատճառ չբերեց ոչ իր երիտասարդությունը և ոչ էլ անփորձ խելքը, գիտենալով, որ ժամանակը պատերազմական է և այդ բանի ժամանակը չէ. և հենց իսկույն նրանց առաջնորդեց դեպի թշնամու խմբերը և նրանց բոլորին ցույց տվեց, որ իզուր չեն իրեն ատաման ընտրել։ Լեհացիք զգացին, որ բանը շատ է դժվարանում, ետ նահանջեցին և վազեցին դաշտի մյուս ծայրը, որպեսզի այնտեղ նորից գումարվեն։ Իսկ կարճահասակ գնդապետը հենց դարբասների մոտ կանգնած չորս հարյուրակի թարմ ուժերին նշան արեց, և այնտեղից կոզակների խմբերի վրա տեղաց կարտեչը։ Բայց քչերը վնասվեցին. գնդակները հասնում էին կոզակների եզներին, որոնք վայրենաբար նայում էին կովին։ Վախեցած եզները բոռացին, դարձան դեպի կոզակների բանակատեղին, ջարդ ու փշուր արին սայլերը և շատերին ոտնակոխ արին։ Բայց Տարասը, որ այդ ժամանակ իր գնդով դուրս թռավ դարանից, աղաղակելով հարձակվեց եզներին բռնոտելու։ Ետ դարձավ կատաղած նախիրը, ետ դարձավ նրա աղաղակից սարսափած և արշավեց լեհացոց գնդերի վրա, փշրեց հեծելազորին, բոլորին տրորեց ու ցրեց։

«Ա՜յ, շնորհակալ ենք ձեզնից, եզներ, – բղավեցին զապորոժցիները։ – Դուք մեզ ծառայեցիք ռազմերթի ժամանակ, իսկ այժմ էլ զինվորական ծառայություն եք մատուցում»: