Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրար հետ զրուցել, և ամբողջ գիշերը կրակների մոտ, դեպի բոլոր կողմերն ուշադիր նայելով, կանգնել էր զգաստ և արթուն պահակազորը։

VIII

Արևը դեռ չէր հասել երկնակամարի կեսին, երբ բոլոր զապորոժցիները հավաքվեցին խորհրդի։ Սեչից լուր էր եկել, որ թաթարները, կոզակների բացակայության ժամանակ, ամեն ինչ կողոպտել են, հանել են այն գանձերը, որ կոզակները գաղտնի պահում էին գետնի տակ, ծեծել և գերի են առել բոլոր նրանց, որոնք մնացել էին Սեչում, և ավար առած հոտերի և երամակների հետ ճանապարհ են ընկել դեպի Պեբեկոպ։ Միայն մի կոզակ՝ Մաքսիմ Գոլոդուխան, ճանապարհին ճողոպրել էր թաթարների ձեռքից, մորթել էր միրզային, նրանից խլել ցեխիններով լի պարկը և թաթարի ձիու վրա, թաթարի շորերով, մեկուկես զօր ու երկու գիշեր փախել էր հետապնդողներից, ձին քշելով սպանել և ճանապարհին ուրիշ ձի էր նստել, սպանել էր այդ ձիուն և միայն երրորդ ձիու վրա հասել էր զապորոժցիների բանակատեղին, ճանապարհին տեղեկանալով, որ զապորոժցիները Դուրնոյի մոտ են։ Նա միայն կարողացավ հայտնել, որ պատահել էր այդպիսի չարիք. բայց թե ինչպե՞ս է եղել, հարբե՞լ էին մնացած զապորոժցիները՝ ըստ կոզակների սովորության, և հարբած գերի՞ էին ընկել, և ինչպե՞ս էին թաթարներն իմացել այն տեղը, ուր թաղված էին զորքի գանձերը,- այդ մասին նա ոչինչ չասաց։ Նա շատ էր տանջվել, ուռել էր, քամին խանձել և վառել էր նրա դեմքը, նա հենց տեղնուտեղը պառկեց և քնեց խոր քնով։

Նման դեպքերում զապորոժցիների սովորությունն էր անմիջապես արշավել կողոպտիչների հետևից, ջանալով նրանց հասնել ճանապարհին, թե չէ գերիները կարող էին վաճառքի հանվել Փոքր Ասիայի, Զմյուռնիայի և Կրետե կղզու շուկաներում և, ով գիտե, էլի ինչպիսի վայրերում չէին երևա զապորոժցիների քյաքուլավոր գլուխները։ Ահա թե ինչու էին հավաքվել զապորոժցիները։ Մինչև վերջին մարդը կանգնել էին գդակները ծածկած, որովհետև նրանք չէին հավաքվել