լսելու՝ ատամանի հրամանը, որպես իշխանավորի, այլ խորհրդակցելու, ինչպես հավասար մարդիկ։ «Թող առաջ ավագները խոսք ասեն»,- բղավեցին բազմության միջից։ «Թող կոշևոյը խոսի»,- ասացին ուրիշները։ Եվ կոշևոյը, գլխարկը հանելով, ոչ իբրև պետ, այլ իբրև ընկեր, շնորհակալ եղավ կոզակներից այդ պատվի համար և ասաց. «Մեր մեջ շատ են ավելի ավագ և խելացի խորհուրդ տվողները, բայց եթե ինձ հարգեցիք, ապա իմ խորհուրդն է, ընկերներ, ժամանակ չկորցնել և հետապնդել թաթարներին, որովհետև դուք ինքներդ գիտեք, թե ի՞նչ մարդ է թաթարը. նա ավար առած գանձերի հետ մեր գալուստին չի սպասի, այլ մի ակնթարթում կպարտակի, այնպես որ հետքն էլ չես գտնի։ Ուրեմն իմ խորհուրդն է՝ արշավել։ Մենք այստեղ արդեն զվարճացանք։ Լեհացիք գիտեն, թե ինչ է կոզակը. որքան ուժ ունեինք՝ վրեժ առանք հանուն հավատի, իսկ քաղցած քաղաքից մեծ շահ չունենք։ Ուրեմն իմ խորհուրդն է՝ արշավել»։
«Արշավե՜լ»,- արձագանքեցին զապորոժյան կուրենները։ Բայց Տարաս Բուլբայի սրտովը չէր այդ խոսքը և իր աչքերի վրա ավելի ցած խոնարհեց մռայլ և սպիտակ հոնքերը՝ թփերի նման, որոնք բուսել էին բարձր լեռան կատարին, և որոնց ծայրերին թանձր նստել էր հյուսիսային ասեղնաձև եղյամը։
«Ո՛չ, կոշևոյ, քո խորհուրդն արդար չէ՛, - ասաց նա։ - Դու չես խոսում, ինչպես հարկավոր է։ Դու երևի մոռացել ես, որ գերության մեջ մնում են մերոնք, լեհացիների գերի տարածները։ Դու, երևում է, ուզում ես, որ մենք չհարգենք մեր եղբայրության առաջին սրբազան կանոնը և մեր եղբայրներին թողնենք, որ նրանց ողջ-ողջ մաշկեն և կամ կտոր-կտոր անեն նրանց կոզակի մարմինը, ման ածեն քաղաքներում և գյուղերում, ինչպես մինչև այժմ վարվել են հեթմանի և Ուկրաինայի ամենալավ ռուս իշխանների հետ։ Մի՞թե առանց այդ էլ նրանք քիչ են հայհոյել մեր սրբությունները։ Էլ ինչի՞ ենք պետք մենք, ես հարցնում եմ բոլորիդ. ի՞նչ կոզակ է նա, ով փորձանքի մեջ է թողնում իր ընկերոջը, թողնում է, որ շան նման սատկի օտարության մեջ։ Եթե բանն այդպես է, որ ամեն մեկը ոչինչ է համարում կոզակի պատիվը և թույլ է տալիս, որ թքեն իր ալեհեր բեղերի վրա և նախատեն ծանր