Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարուրել կոզակների գլուխը, բայց կամեցավ ժամանակ տալ, որ նրանք բոլորը վարժվեն նաև այդ հուսալքմանը, որ ծայր էր առել ընկերներին հրաժեշտ տալու պահից։ Այնինչ լռության մեջ նա պատրաստվում էր նրանց բոլորին հանկարծ և անակնկալ արթնացնելու, կանչելով կոզակի նման, որպեսզի նորից և ավելի զորեղ, քան առաջ, յուրաքանչյուրի հոգու մեջ ետ դառնա այն արիությունը, որին ընդունակ է միայն սլավոնական բնավորությունը, այդ լայն և հզոր բնավորությունը ուրիշների մոտ, ինչպես ծովը բարակ գետերի մոտ։ Եթե ժամանակն աղմկահույզ է, նա ամեն ինչ դարձնում է որոտ և մռունչ, լեռնացնելով և բարձրացնելով ալիքները, որ չեն կարող բարձրացնել անզոր գետերը: Իսկ երբ հանդարտ է և քամի չկա, բոլոր գետերից ավելի ջինջ է փռում իր անեզր ապակենման մակերեսը, աչքերի հավերժական գրգանքը։

Եվ Տարասը իր սպասավորներին հրամայեց բաց անել սայլերից մեկը, որ աոանձին էր։ Կոզակների գումակի մեջ այդ սայլը մյուսներից ավելի մեծ և ավելի ամուր էր. կրկնակի ամուր դողերով էին պատած նրա հաստ անիվները, բեռնված էր ծանր, ծածկված էր սթարներով, եզան պինդ կաշիներով և կապկպած էր ձիգ կուպրած պարաններով։ Սայլի վրա միայն տակառներ և ջրամաններ էին, լցված ընտիր և հին գինիով, որ երկար ժամանակ պահվել էր Տարասի մառաններում և նա հանդիսավոր դեպքի համար էր վերցրել այդ գինին, որպեսզի, եթե լինի մի նշանավոր րոպե և բոլորի համար հնչի ժամն այն գործի, որ արժանի է սերնդե-սերունդ հիշելու, որպեսզի մինչև վերջին կոզակը բաժին առնեն այդ հոգեպահուստ գինուց և այդ մեծ րոպեին մարդն ունենա մեծամեծ զգացումներ։ Լսելով զորապետի հրամանը, սպասավորները դեպի սայլը վազեցին, թրադաշույններով կտրատեցին պիրկ պարանները, հանեցին եզան հաստ կաշիները և սթարները և սայլի վրայից առան տակառներն ու ամանները։

«Բոլորդ առեք,— ասաց Բուլբան։— Եվ ինչ որ կա-չկա առեք, ով ինչ ունի՝ շերեփ կամ կոնք, որով ձիերին ջուր եք տալիս, կամ ձեռնոց և կամ գդակ, իսկ եթե նեղն ընկաք, դեմ տվեք երկու բուռը»։

Եվ բոլոր կոզակներն առան, ինչ որ կար-չկար. ով շերեփ