Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտե, նորից կհանդիպե՞նք իրար, թե ոչ։ Լսեցեք ձեր ատամանին, իսկ արեք այն, ինչ ինքներդ գիտեք. ինքներդ գիտեք, թե ինչ է պատվիրում կոզակի պատիվը»։

Եվ որքան կոզակներ կային, բոլորն սկսեցին իրար համբուրել։ Առաջինը ատամաններն սկսեցին, և սղալելով իրենց ալեհեր բեղերը, նրանք համբուրեցին խաչմերուկ և ապա իրար ձեռքեր բռնեցին և ամուր սեղմեցին, մեկը մյուսին ուզում էր հարցնել՝ «է՞, պան եղբայր, կտեսնվե՞նք նորից, թե չենք տեսնվի»,— բայց չհարցրին, լռեցին և երկու ալեհեր գլուխներն ընկան խոր մտածմունքի մեջ։ Իսկ կոզակները, մինչև վերջին մարդը, հրաժեշտ տվին իրար, իմանալով, որ երկու կողմն էլ շատ բան ունեն անելու, սակայն իսկույն ևեթ չբաժանվեցին, այլ որոշեցին սպասել գիշերվա խավարին, որպեսզի թշնամին չնկատի կոզակների զորքի պակասելը։ Ապա բոլոր կուրենները ճաշելու գնացին։ Ճաշից հետո բոլոր նրանք, որոնք ճանապարհ պիտի գնային, պառկեցին հանգստանալու և քնեցին խոր ու երկար քնով, կարծես զգում էին, որ գուցե այդպիսի ազատության մեջ ճաշակում են վերջին քունը: Քնեցին մինչև արևի մայրամուտը, իսկ երբ արևը մայր մտավ և մի քիչ մթնեց, սկսեցին սայլերը յուղել։ Սարք ու կարգի բերելով, առաջ գցեցին սայլերը, իսկ իրենք, մի անգամ էլ հրաժեշտ տալով իրենց ընկերներին, հանդարտ ճանապարհ ընկան սայլերի ետևից։ Ձիավորները կարգով, առանց ձիերի վրա կանչելու և սուլելու, թեթև դոփեցին հետևակից հետո, և շուտով նրանք բոլորը կորան մթության մեջ։ Խուլ լսվում էր միայն ձիերի դոփյունը և մի որևէ անիվի ճռինչը, անիվի, որ դեռ չէր բացվել և կամ գիշերային մթության մեջ լավ չէր յուղած։

Մնացող ընկերները դեռ երկար ժամանակ հեռվից ճոճում էին իրենց ձեռքերը, թեև ոչինչ չէր երևում։ Իսկ երբ ձիերից իջան և վերադարձան իրենց տեղերը, երբ փայլփլող պարզկա աստղերի լույսով տեսան, որ սայլերի կեսը տեղում չկար, որ շատ շատերը չկային, ամեն մեկի սիրտը տխրեց, և բոլորն ակամայից մտածմունքի մեջ ընկան, գետին խոնարհելով իրենց զվարճասեր գլուխները։

Տարասը տեսավ, թե ինչպես նոսրացան կոզակների շարքերը, և ինչպես քաջին անվայել հուսալքումն սկսեց հետզհետե