Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի կորչի կոզակի փառքը: Փանդիռ նվագողը՝ ալեհեր մորուքը մինչև կուրծքը, գուցե դեռևս հասուն արիությամբ լի, բայց սպիտակագլուխ ծերունի, ոգով իմաստուն փանդիռ նվագողը նրանց մասին կասի իր հզոր և թանձր խոսքը: Եվ ողջ աշխարհում ծառս եղած կգնա նրանց փառքը և այն ամենը, որ պիտի ծնվի հետո, կխոսի նրանց մասին, որովհետև շատ հեռուներն է գնում հզոր խոսքը, նման ղողանջող զանգի պղնձին, որին վարպետը շատ թանկ ու մաքուր արծաթ է խառնել, որպեսզի արդար ղողանջը տարածվի հեռուներում՝ քաղաքներում, հյուղերում, պալատներում և հովիտներում, և ամենքին անխտիր հրավիրի սուրբ աղոթքի:

IX

Քաղաքում ոչ ոք չիմացավ, որ զապորոժցիների կեսը դուրս էր եկել թաթարների ետևից: Միայն ժամապահները մագիստրատի աշտարակի կատարից նկատեցին, որ սայլերի մի մասը ձգվեց դեպի անտառի մյուս երեսը, բայց միտք արին, որ կոզակները դարան են պատրաստում, նույն բանը մտածեց և ֆրանսիացի ճարտարագետը: Այնինչ իզուր չէին կոշևոյի խոսքերը. քաղաքում ուտելիքի պակաս զգացվեց. հին ժամանակների սովորությամբ չէին հաշվել, թե ինչքան ուտելիք է պետք զորքին: Փորձեցին արտելք անել, բայց կոզակները համարձակների կեսին տեղնուտեղը կոտորեցին, իսկ մյուս կեսը ձեռնունայն վերադարձավ քաղաք: Սակայն ջհուդներն օգտվեցին արտելքից և հոտ առան, թե ո՞ւր և ինչո՞ւ են գնացել զապորոժցիները, ո՞ր զորապետների հետ, և ո՞ր կուրեններն են գնացել, որքա՞ն է նրանց թիվը, որքա՞ն են մնացողները և նրանք ի՞նչ են մտածում անել. մի խոսքով, մի քանի րոպեից հետո քաղաքում ամեն ինչ տեղեկացան: Զորապետները սիրտ առան և պատրաստվեցին ճակատամարտի: Տարասը քաղաքում եղած շարժումից և աղմուկից արդեն նկատել էր այդ, շտապ պատրաստվում էր, շարքեր էր կազմում, արձակում էր հրամաններ և հրահանգներ, կուրենները բաժանում էր երեք շարքի, նրանց, ինչպես բերդեր, շրջապատելով սայլերով, կռվի մի եղանակ, երբ անպարտելի էին զապորոժցիները. երկու կուրենների հրամայեց դարան