Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտնել: Դաշտի մի մասում խրեց սուր ցցեր, փշրված զենքեր և նիզակների բեկորներ, որպեսզի եթե հարկ լինի, այդ կողմի վրա հալածի թշնամու հեծելազորը: Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր ինչպես հարկն էր, կոզակներին հորդոր կարդաց, ոչ թե նրանց ոգևորելու և ամրապնդելու,— նա գիտեր, որ առանց այն էլ նրանք ոգով արի էին,— այլ ուղղակի ինքն էր կամենում ասել այն ամենը, ինչ կուտակվել էր սրտում:

«Պան եղբայրներ, ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչ է մեր եղբայրությունը: Դուք մեր հայրերից և պապերից լսել եք, թե բոլորի աչքին ինչ հարգ ու պատիվ ուներ մեր երկիրը. հույներն էլ էին նրան ճանաչում, մերոնք Ցարգրադից էլ էին ոսկիներ առնում, և՛ մեր քաղաքներն էին փարթամ, և՛ տաճարները , և՛ մեր ռուս իշխանները, մեր սեյիական իշխանները, և ոչ թե կաթոլիկ անհավատները: Անօրեններն ամեն ինչ տարան, ամեն ինչ կորավ, միայն մենք մնացինք որբ, և ինչպես քաջարի ամուսնու մահից հետս այրի կին` որբ մնաց և մեր երկիրը, ինչպես և մենք: Ահա թե ինչպիսի ժամանակ մենք իրար եղբայրության ձեռք մեկնեցինք: Եղբայրության կապերից ավելի սուրբը չկա: Հայրը սիրում է իր զավակին, մայրը սիրում է իր զավակին, զավակը սիրում է հորը և մորը, բայց այդ այն չէ, եղբայրներ, գազանն էլ է սիրում իր ձագին, միայն մարդը կարող է ցեղակցվել հոգու ցեղակցությամբ և ոչ արյան: Ուրիշ երկրներում ևս եղել են ընկերներ, բայց Ռուս երկրի ընկեցների նման ընկերներ ոչ մի տեղ չեն եղել: Ձեզնից շատերը հաճախ են եղել օտարության մեջ. տեսնում ես այնտեղ էլ մարդիկ են, նույն աստծո ստեղծած մարդը, և նրա հետ զրուցում ես, ինչպես քո հարազատի, իսկ եթե ուզում ես սրտանց մի խոսք ասես, տեսնում ես, որ չէ՛. թեև խելոք մարդիկ են, բայց քո ասածը չեն, նույնպիսի մարդիկ են, բայց ուրիշ են: Ո՛չ, եղբայրներ, այնպես սիրել, ինչպես սիրում է ռուս հոգին, այն չէ, երբ սիրում են խելքով կամ մի այլ բանով, այլ ամեն ինչով, ինչ պարգևել է աստված, ինչ որ կա քո հոգու մեջ…»,— ասաց Տարասը, ձեռքը թափահարեց և օրորեց ալեհեր գլուխը, շարժեց բեղը և շարունակեց. «Ո՛չ, ոչ ոք չի կարող այդպես սիրել: Ես գիտեմ,որ մեր երկրում այժմ վատթար մարդիկ կան. միայն մտածում են, որ ցորենի դեզեր ունենան, ձիու երամակներ և մա-