Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատոնց կը ճանչնար զայն, անոր համար զգացած սերը հանկարծակի ծագում առած էր, ճիշդ ինչպես պաշտոնյա մը որ տարիներով հավատարմորեն ծառայելե հետո վաճառականի մը քով, անոր ոսկիներուն մոտիկը, օր մըն ալ չես գիտեր ինչպես, կը գողնա անոնցմե և կը փախչի։

Չխոստովանած տարփանքի մը գելաններուն մեջ բավական ատեն ոգորելե հետո, Թումիկ, խելահեղ, օր մը շիտակ ձկնորս Ահարոնին գնաց և սիրտը բացավ անոր խիզախորեն։

— Ահարոն, Բերուզը ինծի տուր, ես ալ հոգիս տամ ձեզի, համար, ըսավ անոր։

Ահարոն տղուն նայեցավ խոժոռ ու զարմանքոտ նայվածքով մը։

— Ծո՛, բապուճսըզ, քեզի վո՞վ աղջիկ կուտա, ըսավ։

Բայց իր շեշտը իր խոսքին հերքումն էր։ Հայտնապես, չկամություն չունէր․ իրը՝ հայրերու սովորական դժվարությունն էր հարուցված աղջկան թեկնածուներու դեմ։

— Տուն աղջիկդ տուր, ես ինծի ալ բապուճ կառնեմ անոր ալ, պատասխանեց Թումիկ խրոխտ ձայնով մը։

— Ծո տուն աղեկ տղա ես, վրա բերավ Ահարոն, բարա չունիս ամա աղջիկս կուտամ քեզի։

Եվ Թումիկ ու Բերուզ նշանվեցան։ Տարիե մը պիտի կարգվեին և Բերուզ հարս պիտի՜ երթար Թումիկին խրճիթը, ուր իրերը՝ ծնողաց անհայտացումեն ի վեր՝ նույն այն վիճակին մեջ մնացած էին նոր տերերու խնամքին սպասելով կարծես։

Բերուզին մայրը Թումիկի ըսած էր․

— Տղաս, կտոր մը կոկվե, բարայի տեր եղիր քի կնիկ առնես նե ըռհաթ ըլլաք։

Այս հորդորին հետևցավ Թումիկ․ օղին քիչ խմեց, ուրին ջուրին ծախքեր չըրավ, և խնայողության մը կորիզը դրավ։ Տարին չվանով կը քաշեր, մանավանդ որ այդ ստորին դասակարգին մեջ նշանածներու սրտաբաց ու համարձակ հարաբերությունները, զգացումներու անվերապահ արտահայտությունները ներելի չեն։ Անոր համար շատ կը նեղվեր Թումիկ, ինչպես նաև Բերուզ։