Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամիս տանջվեցավ, հալեցավ, մաշեցավ Թումիկ։ Պայմանաժամը լրանալեն ետքը, դուրս ելավ կմախացած, ծերացած։

Բանտին դուռնեն դուրս, չէր ուզեր քալել։ Աշխարհքը դժոխք մը կերևար իրեն, և արևը՝ հնոց մը որ ամեն բան կայրե կր լմնցնե։ Վրան գլուխը պատռտված, կտրտված, ոտքերը բոբիկ, գլուխը թաց, անցավ Բերա՝ լեռնեն Խասգյուղը երթալու համար։ Անոթի Էր, բայց չէր զգար։ Իրեն կը թվեր թե խուլցած է։

Վերջին, զգացում մը կար իր մեջ․—ի՞նչ եղած էր Բերուզ։

Այս հարցումին պատասխանը փնտռելու կերթար մեքենայաբար, գաղտնի ուժե մը հրվելով։ Պատեմփքի բարձունքը, գերեզմանատան մոտ հասնելով, բազմություն մը տեսավ։ Հասավ փոսի մը մոտ, ուր մեռել մը կը թաղեին։ Տերտերը կը կարդար վերջին աղոթքը, խուլ և տարտամ մռլտուքով։

Թումիկ կեցավ, սաստիկ խռոված։ Մարդիկ իրեն նայեցան, բայց չի ճանչցան զինքը։ Մեռելը ճաղի մեջ դրած էին, ի չգոյե դագաղի։ Հետո ժամկոչներե մեկը գրկեց պատաքնված դիակը՝ փոսը նետելու համար։ Պատանքին պզտիկությունեն՝ դիակին գլուխը՝ ճեղքե մը հանկարծ դուրս տնկվեցավ։

— Վա՛յ, Բերուզն է, բացականչությունը թնդաց։

Հուղարկավորները հազիվ արդեն 10—15 հոգի, դարձան ու Թումիկին նայեցան։

— Ես եմ, ե՛ս, Թումիկն եմ, գող Թումիկը պոռաց ձկնորսը, Բերուզին նշանածը։

Հետո ժամկոշին քով վազելով՝ արգիլեց դիակը փոսը իջեցնել։

— Կեցի՛ր, ժամկոչ աղբար, նա՛, չե՞ս լսեր կոր, չե՞ք լսեր կոր, Բերուզս ջուր կուզե կոր, աման ձգեցեք որ ջուր մը տամ, վերջին ջուր մը․ աման ձգեցեք… ոտվընիդ պագնեմ, վար միջեցընեք… ջուր մը, ջուր մը…

Ու մինչ Բերուզին այլակերպված գլուխը պատանքեն դուրս կր ճոճար, Թումիկ վազեց, խենթի պես, մինչև մոտակա սրճարանը, գավաթ մը ջուր հափշտակեց, ու բերավ մեռելին քով։ Թումիկ ջուրը բերավ լեցոլց մեռելին կծկված, իրարու փակած ակռաներեն ներս։