Այս էջը հաստատված է
— Խմե՛, անուշս, կըսեր, խմե՛, չըսես որ վերջին ջուրդ չտվի…
Սակայն, ժամկոչը, անհամբեր և ասանկ սրտաշարժ տեսարաններու անզգա, շուտ մը փոսը իջեցուց մեռելը, ու աճապարանքով հողերը վրան նետեցին։ Թումիկ ներկա եղավ այս արարողության, գրեթե անզգա, քար կտրած։ Հետո ամեն մարդ ցրվեցավ։
― Վերջը ի՞նչ եղավ Թումիկ, հարցուցի պառավին, որ ելած կեցած էր շիրմաքարին քով։
— Անիկա անկե ետքը մեռելներուն ջուր կրող եղավ․ Թումիկ աղբար կըսեին իրեն ապուշցավ։ Անկե ասկե ողորմություն ուզելով ապրեցավ։ Ամեն օր նշանածին գերեզմանին վրա սափոր մը ջուր կը թափեր. «ծարավդ անցնի, անուշս» ըսելով։ Խեղճ տղան օր մըն ալ մեռավ․ նշանածին քով թաղեցին: