Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իմացա՞ր,—ըսավ վերջապես Սերոբ, երբ հասան բնակութեններե դուրս տեղ մը։

— Ի՞նչ։

— Սերինան աս գիշեր կկարգվի կոր։

— Իրա՞վ։

Մութին մեջ, դեմ֊դիմաց, երկու բարեկամներ իրարու կնայեին։

— Ազատեցա՜նք, Սերոբ,—ըսավ Լութիկ աղեխարշ հառաչով մը։

— Ազատեցա՜նք,—կրկներ Սերոբ։

Ու երկու բարեկամները ինքնաբերաբար իրարու ճիտ նետվեցան, համբուրեցին զիրար խանդաղատանք, լացին հեկեկալով լացին, աղու պես, երկարորեն, վերեն իջնող ձյունի ճերմակ, ծվեններուն մեջ։