ներսիդին․ օվկիանոս մը որ մեկեն ի մեկ փրփրած, ալեկոծ եղած էր․ խուլ մռնլյուններ, ողբագին ոռնոսէներ կը թնդային հոն, քայքայում մը եկած էր մեկեն ի մեկ, առանց կանխանշանի, և խորտակած էր այդ ափ մը սիրտը, որ քիչ մը առաջ երջանկությունեն կը սարսռար։ Կումիկ կը նմաներ այն մարդուն որ կանաչագեղ մարգի մը վրա հանդարտորեն քալած պահուն հանկարծ կը գահավիժի անտեսանելի անդունդե մը վար ու կը ջախջախվի։ Կը վախնար երերալու, կարծելով թե ամեն մեկ անդամները սուր, անտանելի խիթեր պիտի ունենային և հանկարծ պիտի խորտակվեին իր ոսկորները , կը վախնար ետին նայելու, կարծելով թե ճիվաղ մը պիտի տեսներ իր կռնակին վրա ահռելիորեն ցցված։ Աննկարագրելի ծանրություն մը կը զգար հիմակ իր վրա, բեռի մը տակ կը ճզմվեր, շունչը չէր ելներ, կուրծքը կը սեղմվեր, և տակավին իր ականջին մեջ կը հնչեր էլիզային քստմնելի քրքիջն ու սա խոսքը․
— Ա՞ս ինչ է։
Վերջապես երկար վարանումներե ետք ոտքի ելավ Կումիկ, կռնակն երերցուց և հառաչ մը արձակեց։
Դարակ մը քաշեց, ուր լոբիա լեցված էր, և քառակուսի ապակի մը դուրս հանեց,—հայելիի կտոր մը, զոր աեղի մը կրթնցնելով, հեռու գնաց և ինքզինքը անոր մեջ դիտեց կողմնակի։ Հայելիին մեջ կուղն երևցավ իր բովանդակ այլանդակությամբը։
Պախալը, առանց ճիչ մը հանելու բերնեն, առավ ապակիին կտորը, գետին նետեց, վրան կոխկռտեց և կտոր կտոր ըրավ։ Հետո, նստավ անհենարան աթոռակի մը վրա։ Խոշոր արցունքներ կը կաթեին անոր աչքերեն․ լռիկ մնջիկ կուլար հեք սապատողը, առանց կծկում մը ցուցնելու դեմքին վրա․ արցունքի հատիկները շարունակ կիյնային, թրջելով անոր երեսին մագաղաթագույն մորթը։
Նույն պահուն հաճախորդ մը ներս մտավ խանութեն և տեսնելով Կումիկին այդ ողորմելի կերպարանքը, հարցուց․
— Խեր ըլլա, Կումիկ ախպար։
Կուզը ելավ նստած տեղեն, բան մը չրսավ, ձայն չհանեց,