Ձյունը կը տեղար հիմա ավելի բարակ, խիտ խիտ և կը դիզվեր երկու պզտիկներու գրգլեակներուն և գլուխներուն վրա, կարծես խնամք տանելով գոցել, դարմանել ինչ տխուր և թշվառ բան որ կար անոնց վրա։
— Տուտուդ հո՞ս է, հարցուր Սեփ։
— Չէ՛, չեկավ տահա, փաթթած իփեքները տարավ քի փարա առնե տե…
— Նենե՞դ։
— Կը քնանա կոր։
— Նայե, ձեզի ծուկ պերի, Արուս, ըսավ Սեփ, ցուցնելով ամանն ուր ձուկերը կերևեին ձյունով ծածկված։
Հիմակ ավելի վար ծռած Էր Արուս, և Սեփ ոտից ծայրերուն վրա կոխելով, գրեթե իրարու տաք շունչը կը զգային իրենց դեմքին վրա։
— Յաղ ունի՞ք, հարցուր տղան։
— Չունինք։
— Ա՜հ… քյոմո՞ւր։
— Չունինք։
— Ա՜հ։
Սեփ գրպանը խառնշտկեց, երերցուց և դուրս հանեց պզտիկ քառասուննոց մը, զոր աղջկանը ձեռքին մեջ դրավ ըսելով.
— Տուտուդ կա նե, աս փարան անոր տուր քի քյոմուր առնե։
Իրար երես կը նայեին անշարժ, անխոս, իրարմե հմայված, իրարու թշվառության զգացումեն վշտակոծ։
Սրտաբեկ էր տեսարանը զոր կը ներկայացնեին այդ երկու պզտիկ արարածները։ Արուս գրեթե մինչև կես մեջքը վար կախված տախտակորմէն վտիտ քամակը ցուցնելով, ուր ձյունն հետզհետէ կը դիզվեր․ Սեփ երկու պզտիկ բազուկները անոր վզին պլլած, հեշտությամբ ծծելով մանկուհիին նվաղ շունչը, թեթև համբույրներ դնելով անոր այտին վրա․ բան մը չէին իմանար, ո՛չ ցուրտը, ո՛չ ձյունը, ոչինչ… կարծես կը քնանային անուշ մեղկ քունով մը...