Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձյունը վերսկսած էր տեղալ խոշոր պատառներով․ հով չկար․ տրտմաթախիծ լռություն մը կը տիրեր Չըքսալընի այդ տխուր փողոցներուն մեջ։ Իրիկուն եղած էր․ խավարն աննշմարելի կերպով կը փռվեր մթնոլորտին մեջ, կարծես ձյունին հատիկներուն հետ երկինքեն իջնելով իբր անսահման մաղ մը, որուն ծակերեն ջուր կը վազէ, այլ չդիմանալով համայնածավալ սպիտակության, կը մարեր, կը ցնդեր, գետնի վրա իջած ատեն։ Պզտիկ Սեփ ձեռներն ի գրպան, վտիտ բարակ ուսերը դեպի առաջ, բերանեն կախված ունենալով ձուկի չավելան, տուներուն տակեն սողալով սողոսկելով կը վազեր։ Ուսի անճիգ հարվածով մը տան դուռը բացավ, ներս մտավ և չորսդին արադ ու երկյուղալից ակնարկներ պտըտցուց։

— Հոս ալ չէ, մրմռաց, օ՜խ։

Վար իջավ նեղ և ծռմռկած սանդուխե մը և գտնվեցավ քառակուսի մթին տեղ մը, որ հավանորեն խոհանոց մըն Էր, պահ մը ականջ դրավ․ ձայն ձուն չկար, և ցուրտե և թե ներքին հուզումե դողդողացող տխեղծ ձեռներովը վեր առավ գետինը ծածկող աղյուսներեն մին, աման մը դուրս հանեց, նորեն տեղը դրավ քարը և պարտէզին դուռը բանալով՝ դուրս ելավ։

Ձեռքի ամանին մեջ կը գտնվեր օխայի մը չափ ձուկ։

Գետինը դրավ ամանը, տախտակորմին տակը գնաց և երկու ձեռները բերնին քովերը դնելով իբր ձայնատար․

— Արո՛ւս, Արո՛ւս, գոչեց։

Աղոտ պատուհանին ետևը նկատվեցավ տժգույն ծնգած դեմք մը։ Արուսին ճերմըկոտիք դեմքը, որուն ի տես թեթև հառաչ մը արձակեց Սեփ։

— Վա՛ր էկու, ըսավ։

Վայրկյան մը ետքը տախտակորմին վրա շուլլվելով, Արուս կը ժպտեր ստամբակին, որ անճառ խանդով մը, շողարձակ աչվըներով կը դիտեր զայն և ձեռքն երկնցնելով կը շոյեր անոր մեռելատիպ երեսը։ Մանկուհին ավելի վարկը ծռեր, ավելի հանգիստ վայլելու համար այդ շոյանքը, որ կարծես կենդանություն մը կը հեղուր միսին վրա։ Իրենց կեցած տեղեն քայլ մը անգին, տախտակորմին մոտիկը կը գտնվեր կիսախուփ հոր մը։