և կը ցուցուներ տետեին իջուցած անգութ հարվածներուն երաշխեպները վտիտ ոսկորներուն վրա․ անսիրտ չարաճճիները, գործին տեղյակ, խնդալեն կը ճաթեին ու դարձյալ կը ստիպեին զայն իրենց հետ խաղալու․—Ռափիկին սիրտը չէր դիմանար, վար կը դներ անիծյալ տուփը, ու կը սկսեր վազվռտել, մինչ Գարեգին, չար տղան, իր սովորության համեմատ, մատները գաղտագողի կերկնցներ անոր տուփին մեջ։
Ի՜նչ դժոխային սրտադողով կը պաշարվեր Ռափիկ, երբ արևը մարը կը մտներ ու մութի ստվերները կը սկսեին սպրդիլ փողոցներուն մեջ․ քայլը առաջ չէր երթար․ իր արցունքոտ աղվորիկ աչքերը երկինք կը սևեռեր՝ գերագույն անհուսալի աղաչանքովն առլի․ բայց վերջապէս, ուզեր-չուզեր, պիտի մտներ այդ տանջանարանը, գետնահարկի խոնավ խուցը ուր ահարկու ծերունին կը սպասեր, անթացուպը ձեռքն առած։
Երբեմն, իր անքուն գիշերները, կատաղության անզոր թափեր կունենար Ռափիկ․ անակնկալ ներշնչումով մը կերազեր գտնել հեղինակն իր չարչարանքներուն, այն աներևույթ էակը որ իր տուփը կը կողոպտեր շարունակ, անխնա․ ու իր մոլեգնության մեջ վրեժ մը կուխտեր․ անողոք, վայրագ վրեժ մը այդ անիծածին դեմ։ Իր տկար բազուկներուն մեջ կուզեր խեղդել զայն, ջախջախել գանկը, կտոր կտոր ընել, կոխկռտել, չքացնել։ Բայց շուտով զգալով իր անզորությունը, կը սկսեր հորդ արցունք թափել ու իր կարծր սնարը խածոտել հուսահատորեն…
«Ձո՛ւկ, ձո՛ւկ, Ռափիկին ձուկը, կըսեր ամեն մարդ, թարմ, համով, աժան»։
Եվ իրավունք ունեին․ իր ընտրած ասպարեզին պատիվ կը բերեր կորովի, հաստաբազուկ տղան․ ամենեն ընտիր, պատվական ձուկերը կը բռներ ու լեցնելով չավելայի մը մեջ, փողոցե փողոց կը պտըտցներ, ալ հիմակ իր հաստցած, մեծագոռ ձայնովը պոռալով․
— Թազե պալըքլա՜ր…