Էջ:Novellas of Erukhan.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՁՈՒԿԻՆ ՓՈԽԱՐԵՆ

Խենդուկ, շուտիկ տղա մըն էր Համբիկ, տասնյոթը տասնինը տարու, աչքը փողոցներուն մեջ բացած, մանրանկարը ապագա այն մեծ սրիկային որ կամ ջրհանին ետևեն պիտի վազե խարազանը ձեռքը կամ հրապարակներու վրա իր խռպոտ ահագին ձայնով ձուկ պիտի ծախե։ Մայրը որ լվացարարուհին էր նավամատույցին բեռնակիրներուն, մինչև երկու տարի մեծցուցած էր զայն լվացարանին մեջ, չոր հաց մը ձեռքը տված, զոր մանուկը կը կրծեր առտըվնե մինչև իրիկուն՝ ճղճղալով ճնճնալով։ Հետո որովհետև մայրը օրին մեկը շնչահեղձ եղած էր խամ ածուխի մուխե, և հայրն ալ որ ձկնորս էր, ծովը ինկած էր ու խեղդված, Համբիկ գրեթե անտեր մնաց ու վեց տարեկանեն անգին փողոցներուն մեջ սկսավ թափառիլ, գիշերները հազիվ պառկելու տեղ մը գտնելով ու ցորեկին ալ հազիվ կտոր մը հաց։ Այս տաժանելի կենցաղը չէր մեռցուցած զայն, ընդհակառակը հուժկու մարմին մը և աննկուն հոգի մը պատրաստած էր։

Որովհետև երջանկության և հեշտակեցության վրա գաղափար չուներ, իր հիմիկվան վարած կյանքը աշխարհի երջանկագույն կյանքը կը կարծեր։ Առտվընե մինչև իրիկուն փողոցները կը շրջեր, պատահական ծառայություններ ընելով, ջուր կրելով տուները, բեռներ տանելով ասդին անդին, և այլ մանր-մունր գործեր ընելով, որոնցմե ձեռք ձգած ստակին մեկ մասը իր ապրուստին կը գործածեր ու մյուս մասն ալ ապահով տեղ մը կը պահեր՝ ապագային ավելի շահաբեր գործով մը զբաղելու դիտումով։ Իր աշխուժությամբն ու հանդգնությամբը ամենուն համակրանքը