գրած է աճապ… վա՛յ հասկցա հը՜… ըսել է գործը եփեր են․․․ տանիմ մի չը տանիմ․ ամա տանիմ նե աղեկ կըլլա, չունքի հելպեթ նորեն պիտի խրկե․․․ հինգ ղրուշն ալ կեշ փարա չէ․․․ ամա փարային տեղը էյեր ան ճերմակ ճիտեն․․․
Լռեց, չհամարձակելով բարձրաձայն արտահայտել գաղափարը, որ փայլակի արագությամբ անցած էր մտքեն։
Ա՛լ հիմակ պատուհանին առջևեն անցած ատենը, Համբիկ բացե ի բաց, առանց խպնելու, կը ժպտեր Սիրանույշի երեսին, որ հինգ ղուռուշին առաջ բերած երախտագիտության նշանը կը կարծեր այդ խորհրդավոր ժպիտը։
Ստամբակին մտածումը պարապ չելավ, քանի մը օր ետքը, երբ իրիկուն մը, մթնելուն մոտ, Համբիկ դրանը առջևեն կանցներ,
Սիրանույշ որ կեցած էր հոն, նորեն թուղթ մը սպրդեցուց անոր ձեռքը՝ մրմնջալով․
— Նորեն անոր տար, Համբի՛կ։
Տղան՝ քառորդը գրպանը նետեց ու նամակը հասցեին տարավ։
Չորս օր ետքը նորեն նամակը մը՝ Սիրանույշին ձեռքեն Համբիկին գրպանը սահելով՝ հավիտենական հասցեին հանձնըվեցավ։
Եվ ամեն անդամ ստամբակը հարստացավ հինգ ղրուշնոցով մը։
Հինգերորդ անգամուն, երբ մանկամարդ արղջիկը նամակը հանձնեց Համբիկին ու դրամն ալ պիտի տար, տղան ետ հրեց անոր ձեռքը, ըսելով․
— Ա՜լ փարա չեմ ուզեր։
— Հապա ի՞նչ կուզես։
Համբիկ Սիրանույշին մոտեցավ, քծնող շունի մը պաղատանքը իր աչքերուն մեջ, մեղմիվ բռնեց անոր թևեն ու գրեթե ականջն ի վար ըսավ դողահար ձայնով․
— Ճիտեդ պաչիկ մը։
Մանկամարդ աղջիկը բուռն շարժումով մը ետ քաշվեցավ, աչվըները զայրույթով շողացին, կարմիր բարակ շուրթերը փոթվեցան, և զսպված մոլեգին շեշտով մը ըսավ․