Ա՜հ, ձեռքի ինչ հիացական ու գրգալի շարժումով կը շոյեր չավելային մեջ վայելչորեն շարված կարմիր միջատները, քարիտեզները, որոնց ամեն մեկը իր հոգիին պես կը սիրեր, կըսեր ինք։
Եվ ի՞նչպես չհավատալ գորովանքի այդ անհնարին արտահայտության, որ անկեղծության շեշտով մը դուրս կը թռեր անոր բերնեն։
Իր քարիտեզներուն ամբողջ ցեղագրությունը, պատմությունը, բարք ու վարքը գոց գիտեր ու բերնուց կըսեր, այնպիսի ճշմարիտ համոզումով որ պահ մը դիմացինն ալ հավատալու փորձություն մը կզգար։ Ղալաթիո գարեջրատուններն Էին իր սովորական վաճառատեղիները և որոնց մեջ ա՛լ հանրածանոթ Էր «խոշոր ձայնով» քարիտեզճին։ Այնքան բուռն էր կարմրուկ միջատներուն վրա ունեցած սերը որ, եթե երբեք մեկը իր գովասանքները ծաղրելու անխոհեմությունը ունենար, շատ գեշ վայրկյան մը կանցներ քարիտեզճիին հետ, որ բնավ չէր ներեր այդ հանցանքին։
Եվ իրավցնե ալ անկարելի էր ախորժագրգիռ սքանչացումով չդիտել փոքրիկ խեցգետիններուն համաչափ գեղեցիկ այդ դեզը՝ տափակ լայն չավելային մեջ փռված, իրարու քով, հատիկ, հատիկ, ոսկիե զանգակներու պես, ակնհաճո։ Քարիտեզճի Միրիկը ալ՛ հանրածանոթ եղած էր Ղալաթիայի բոլոր գինետուններն ու գարեջրատունները․ անոր քարիտեզին նմանը չի կար՝ թե համեղ և թե մսոտ ըլլալուն։ Միրիկ շատ անգամ կը պատվիրեր իր հաճախորդներուն որ անխնամ կերպով զատեն քարիտեզները, հարգանքով ստկեն զանոնք, բարակ աղիքները ամենեվին չնետեն, որովհետև ուժ կուտան մարմնին, և իբր փաստ իր ըսածներուն՝ իր հուժկու իրանը կը ցուցներ, երդում պատառ ընելով որ ինք առաջ շատ, շատ նիհար էր, ետքեն քարիտեզ ուտելով այդպես գերցած, հաստցած էր։ Ամեն մարդ հաճույքով մտիկ կըներ Միրիկին այս ճոռոմ զատզրուցություններուն և հավատալու ալ հովեր կառներ։ Բայց իր այս ռամկական հռետորությունը վսեմ երանգներ կը ստանար հանկարծ, խռպոտ ձայնին քաղցր ելևէջ մը խառնելու ճիգ մը կը ցուցներ, ամփոփվելու,