հրեշ մը կարծվելով։ Ամառները միայն երևան կելլեր, ինչպես խլուրդը։
Գարնան, մեկենիմեկ զինքը, օրին մեկը, նստած կգտնեին նավամատույցին վրա, ձեռքը ակիշավոր ցուպ մը, իր միակ հարըստությունը, ու սիրած միակ բանը գուցե։ Այդ փայտին կտորը իր մարմնին մեկ մասն էր կարծես։ Ամեն վայրկյան կզկտիկ եղած, ծալլված ծունգերը կուրծքին վրա ամփոփ, ճակատը ցուպին հենած, կմնար արևին տակ, գետակին հեզաշունչ մրմունջին դեմը, անբանի համբերությամբ։
Սակայն, նավակ մը մոտենալուն պես, Սամիկ աղբար կցցվեր նավամատույցին վրա և ցուպը կերկնցներ նավակը բըռնելու և միջինները դուրս հանելու համար անվտանգ․ ոմանք երբեմն տասնոց մը կդնեին խեղճին ափը։ Երբ ոգևորությունը շատ ըլլար, Սամիկ քիչ մը կխոշտանգվեր․ տղաքները ցուպէն կքաշեին, և ուրիշները կհրմշտկեին զինքը։ Բայց անհամբերությամբ կտոկար, երբեմն խուլ մռլտուք մը արձակելով։
Առաջին առտուն,որ Եվնիկե մորը հետ նավակ նստավնավամատույցեն, կուզիկը տեսնելով՝ ըսավ մորը պժգանքի ծամածըռմամբ մը.
― Մայրի՛կ, սա տգեղ մարգը նայեր, մարդուն սիրտը գեշ կըլլա․․․
Եվ գլուխը անգին դարձուց։
Վերադարձին, մանկամարդ աղջիկը նորեն տեսավ ցավագարը, որ խենդի աչվըներով իրեն նայեցավ։ Եվնիկե սոսկաց, դուրս ցատկեց նավակեն և աղաչեց մորը, որ մեյ մըն ալ այդ մարգը չբռնե իրենց նավակը։ Սամիկ, որ լսած էր, աղջկան նայեցավ ողորմուկ նայվածքով մը, որ սիրտ կխշխշացներ։
Հովը կսուրար գետակին վրա․ ալիքները, մանր֊մանր արծաթաշող, կխաղային արևին տակ, իրարու ետևե, անհատնում։ Սամիկ իր տեղն է, ցուպին հետ, ականջ տալով քարերուն վրա փջրվող ալյակներուն մրմունջին։ Հանկարծ կջարժի, կկենա։