Եվնիկեն ու մայրը երևցան է՛ն հեռվեն․ կմոտենան․ կուզիկը, դյուրաշարժ, կեռը կանցնե նավակին, ու մայր ու աղջիկ կհեծնան։ Այս անգամ մայրը տասնոց մը կսպրդեցնե ցավագարին ափը։
— Մա՛յր, կարժե՞ որ դրամ տաս այս անպիտան մարդուն, -դիտել կուտա Եվնիկե։
— Մեղք է, աղջի՛կս։
— Օ՜ֆ, հապա ջիղերս, որ թունդ կելլան, երբ այդ մարդը տեսնամ։
Վերադարձին, Սամիկ դեռ այն տեղը կեցած էր արձանի պես։ Երբ դուրս ելան, կուզիկը, ձեռքը կուրծքին, ակնարկը պաշտողական, մրմռաց․
— Ողջ ըլլաք, հանըմնե՛րս։
Իրիկունը, տան մեջ, Եվնիկե հայտարարեց, որ ա՛լ ծով չուզեր երթալ, վասնզի այդ ծովը փոխանակ իր ջիղիրը հանդարտեցնելու, ավելի կգրգռեր. մայրը, ակամա, տեղի տվավ։
Եվ հաջորդ օրը ծով չգացին։ Սակայն, չորս օր ետքը Եվնիկե նորեն փափաք հայտնեց ծով երթալու։ Մայրը ասոր ալ համակերպեցավ։ Հոն, նավամատույցին վրա, կուզիկը իր կարթգել սրունքներուն վրա տնկվեցավ, և արագությամբ մը, որ իրմե չէր սպասվեր՝ կեռը անցուց նավակին, ու մայր ու աղջիկ անցան։
Այս անգամ Եվնիկե, վշտալի դեմքով, տասնոց մը դրավ ցավագարին ափը։
― Ապրիս,—մրմնջաց Սամիկ՝ դրամը ճակտին տանելով։
⁂
Գետեզերքի նավավարները կզարմանային, որ ա՛լ հիմակ Սամիկ առջինը չէր. ցորեկները, գործ չեղած ատեն, կերթար մոտակա սրճարանը, կխոսակցեր նավավարներուն հետ, կխնդար իսկ։
ԵՎ օրիորդը հիմակ մեծ հաճույք կզգար՝ տասնոցը տալով Սամիկին, որ կհամբուրեր զայն ու ճակտին կտաներ ջերմեռանդությամբ, «շատ ապրիս» մը նետելով։
Բայց Եվնիկե օգուտ չէր քաղեր ծովի լոգանքեն․ գուցե այդ