Օգոստոսի ջերմոտ արևեն էրած մոխրացած փոշիով լեցուն այն ճամբաներեն, որոնք հազարումեկ ոլորումներով կերկարաձգվին մինշև Պալըգլի գերեզմանատունը, չորս-հինգ հոգի ճորճորալով կերթային՝ քրտինքներու շիթեր նետելով գետինը, ձայն-ձուն չհանելով անտանելի հոգնության մը ծանրության տակ ճնշված, ուժասպառ։ Այս հինգ անձերեն մեկը տերտեր մըն էր թավամորուս, գունատ բակեղով և հինումաշ վերարկույով։ Երկուքը փոքր տղեկներ էին, մեկը աղջիկ, մեկ մանչ․ աղջիկը ութը տարու կար, նիհար, վատուժ, անարյուն մորթով, գծավոր կարճ շրջազգեստին տակեն կերևային ազազուն ճյուղերի նման սրունքներ․ մութ խարտյաշ մազերը, որոնց վրա հայտնապես չէին պտտած մոր մը խնամոտ մատները, թնճուկ եղած էին գլխուն վրա ու մինչև աչքերը կիջնային, սքողելով անոնց մեղմավառ ցոլմունքը։ Վազքը. որով պարտավորված էր վազել հեք աղջնակը՝ մյուսներուն հասնելու համար, սրտաճմլիկ անգիտակցությունը, որով մեքենաբար կհետևեր այդ հևացող թափորին, տարտամ վշտի մը ալեկոծումը իր մանրուկ սրտին մեջ, կմիանային վերցնելու, անհետացնելու համար անոր վրայեն այն սրտագրավ հրապույրը, այն սիրցնող քողարկությունը, որոնք փոքրիկ աղջիկներուն զարդերն են։ Բայց ավելի տխրազդեցիկ էր հինգ տարեկան մանչը, որուն ձեռքեն բռնած էր քույրը։ Մանտրտիկ ոտքերը այնքան հոգնած էին, որ ալ փոշիին մեջեն չէին ելլեր ու քսքրռտվելով խեղդող ամպեր վեր կհանեին, անոր աչքերը կուրցնելով. մանրանկար բաճկոնակն ու տափատը կկաղապարեին անոր
Էջ:Novellas of Erukhan.djvu/207
Արտաքին տեսք