Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմա, լեցուն կլորիկ արմունկները ցուցնելով անոր, հեռուե հեռու նշանացի խոսքեր արտասանելով իբր ճշմարիտ սիրուհի, ուրիշներուն ուսին վրայեն աչք քթթելով, վերջապես ի գործ դնելով այն ամեն միջոցները որք կարենային խեղճ ապուշը կաշկանդել, սիրտը թունդ հանել ու թրթռացնել՝ ապարդյուն ու պատիր սիրո մը բոցերուն մատնելով զայն։ Ցորեկները, առտնին գործերն ավարտելե ետք, դրացի կիները կուգային կը ժողվվեին անոնց տունը, կը կանչեին Մարկոս աղբարն ալ որ չորս ոտքով կը վազեր կուգար․ Սուրբիկ միշտ քովը կը նստեր՝ անուշահոտ յուղեր քսած, որք կը գինովցունեին խեղճ ապուշը։ Ձեր երևակայությանը կը թողում գուշակել թե ինչեր կանցնին կը դառնան վեց յոթը չարամիտ կանանց գումարման մը մեջ, ուր էրիկ մարգ մը կը գտնվի միս մինակ, խենդ, ապուշ, աղքատ․ Մարկոս աղբար, ալ շվարած շլմորած, անոնց ամեն մեկուն երեսը կը նայեր կարգ ըստ կարգի, տարտամ, կիսկատար խոսքեր մռչտալով իբր պատասխան այն շիկնեցուցիչ խոսքերուն, որք ամեն կողմեն կը տեղային իր վրա․ միաձայն հավանությամբ որոշած էին Սուրբիկն իրեն տալ, որուն գլխի և աչքի խոլ շարժումներով հոժարած էր Մարկոս աղբար, կասկածոտ, միանգամայն ըղձոտ նայվածք մը սևեռելով գեղանի աղջկան վրա։ Օրիորդ Սուրբիկ զայն առանձին գտած ատեն քովը կերթար, իր զգլխիչ տաք շունչը տալով անոր դեմքին ու հարցունելով շտապ․

— Ինծի պիտի առնե՞ս։

― Ա՛խ խուշիկս, հելպե՛թ, հելպե՛թ։

Անանկ հայրատ ու պագշոտ նայվածքներ կարձակեր մանկամարդ աղջկան մեղույշ աչվըներուն մեջ և անոր մարմնոյն գրգռիչ վետվետմանց ու այտուցներուն վրա որ, օրիորդը անկամս սարսուռ մը կը զգար ոչ թե երկյուղի այլ խորին գար֊ շանքի սարսուռ մը։ Ժպիտ մը, լայն ու մեղկ, մինչև երեսին կեսը կը բանար խոշոր կասկարմիր երախ մը, որուն երկու եզրերը կաղտոտվեին կոտրած թափած երկու շարք ակռաներով՝ թուքի փրփուրով մը միշտ տոգորուն․ ցանցառ սպիտակախառն պեխ մը, աղտոտությունե տարտամ գույներ առած, քիթին