Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Իշալլա՛հ, կը մրմռար ապուշը՝ ձեռքը կուրծքին դնելով ջերմեռանդորեն։

Ձեռքե ձեռք պտտեցավ Մարկոս աղբարին նշանտվության մատնին. սքանչացման, հիացման բացականչություններ արձակվեցան, գովեցին փեսին ճաշակը, որ ընտրած և իր շնորհալի նշանածին պատշաճ դատած էր այդ... քսան փարանոց մատնին։

Հավարտ երեկույթին, ամեն մարդ ցրվեցավ գնաց` ժամ առաջ տունեն դուրս ելնելու և զսպյալ քրքիչներ արձակելու սաստիկ տենչով համակված։

Եվ սակայն օրիորդ Սուրբիկ իրավ նշանված էր, քսանչորս քսանըհինգ տարեկան շնորհքով երիտասարդ մը, մանկամարդ աղջկան գեղեն հրապուրված, առաջարկած էր ամուսնանալ անոր հետ. Իր առաջարկը սիրահոժար հավանության արժանացած էր, այնպես որ քիչ ատեսվան մեջ խոսք կապ, նշանտուք և այլն կատարված լմնցած էին։

Ո՞վ միտքեն կանցուցեր Մարկոս աղբարը։

Այդ գործողությունները տեղի ունեցած պահուն ինք իր հեշտագին անուրջներով կօրորվեր, կը հափրանար, կը գինովնար, առանց բանե մը տեղյակ ըլլալու, առանց բանե մը կասկածելու։

— Օ՜խ, կը մրմռար, երբ իր սենյակը կը դառնար իրիկունները, նիշանտուքս եղավ լմնցավ. աս մեծ պան է. վրաս կը խենդենան կոր. ամա ինծի պես մարդ ո՞ւր պիտի կտնային. կինե բախտավոր են եղեր... հիմա կը մնա է՛ն մեծ պանը... հարսնիքը, հը՛մ հարսնիքը... թոհա՛ֆ, հիչ միտքես չէր ասներ... էյեր Սուրբիկը առնեմ նե... ո՛հ, ո՛հ, աստված, Սուրբի՜կը...

Եվ Սուրբիկը կերազեր։

Սակայն իր առջի կենցաղը փոխած էր հիմակ, գոռոզանքի պես բան մը եկեր էր վրան, ա՛լ չէր ուզեր նշավակ ըլլալ անոր ասոր հայհուչին, շատ չէր խոսեր, իր առօրյա ծառայությունները կըներ լուռ ու մունջ, մտամփոփ, և ամենեն ետքը նշանածին տունը կերթար հանգիստ առնելու և Սուրբիկին երեսը տեսնելու, որ բնավ գործը չէր ավրեր։

Կիները շատ խղճմտանք չունին։