Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցած տուն մըն էր, այնքան ցած, որ պիտի կարծվեր որ այդ սաստկավազ անձրևին տակ պիտի կքեր, գետնին փակեր, կաթվածահար մարդու մը պես որ կը տապալի հանկարծ անշշուկ, անշշունչ։ Օհ, ինչ հանգիստ էր Պետիկ այնտեղ, բարերար ուռնակին կրթնած, անոր վրա թափելով այն օրվան, թերևս իր կյանքի բոլոր օրերուն բովանդակ խոնջենքը, հավաքված հոգնությունը բոլոր։ Իր ամեն քաշածներեն ետքը անհունապես սփոփարար էր այդ ուռնակը, որուն սառուցիկ հպումը մխիթարության պես բան մը կը ներշնչեր Պետիկին․ միտքեն կանցներ որ մինչև առտու չբանային դուռը, ու ինքը մնար հոն, օխա մը հացն անութին տակ, ճակատը դրան տախտակին կրթնցուցած, երկու ձեռքով ուռնակը բռնած, անձրևն ուտելով կռնակին, անոր պաղ պարուրանքին մեջ անզգա, չքացյալ, ցնորական անուրջի մը հեշտանքովը երջանիկ, միսի և զգացումի բրտացումով մը անշնչացած։

Իր այս մոլորագին մտածումները մեկեն ի մեկ ցնդեցան, անհայտացան ներսեն եկող տկար, թույլ, հիվանդոտ ձայնե մը որ կը պոռար․

— Աղապա՜, դո՞ւն էս։

Հեշտաբույր երազե մը ետքն ինչ ազդեցություն որ կընե ուժգին ապտակ մը մարդուս այտին վրա, նույն ազդեցությունն ըթավ այս ձայնն հեք Պետիկին վրա։ Հեղ մը հազաց, վասնզի կոկորդն հանկարծ ուռած էր, խոշոր շունչ մը առավ։

Եվ հետո ըսավ.

— էս եմ, Աննիկ, էս եմ, պա՜ց։

Ոտքի ձայն մը լսվեցավ ներսեն, որուն կը խառնվեր տաքացում մը։ Քիչ հետո դուռը բացվեցավ, ներս մտավ Պետիկ քիչ մը ծռելով գլուխն, ու դուռը գոցեց։ Մխացող կանթեղ մը տարտամ դողդոջ լույս մը կը տարածեր ցած ձեղունին վրա, որուն սև մգլոտ հեցակները սարդի ոստայններով ծածկված էին, փլփլկած պատին վրա, ուր անձրևին ջուրը առվակներ կազմած էր։ Բան, մը որոշ չէր տեսնվեր հոն․ տրտմություն մը, տխրություն մը կը տիրեր, որ ավելի կը շեշտվեր վտիտ, չորցած, ծուռիկ մուռիկ մարմնի մը երերուն սարսրփացող ստվերեն։