Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ անհետացնելով Հոռոփ հանըմին մեկ անեծքը, Պետիկին մեկ հիշոցն ու Աննիկին մեկ հեծյունը։

— Պանիրը առի՞ր, տուտու։

— էրկու լուսը քյոռնա, վերեսիե չտվավ։

— Անանկ է նե սա ցամաք հացեն կուտենք քիչ մը։

Խավարին մեջ շարժում մը տեղի ունեցավ․ Հոռոփ հանըմին չոր մատները թրջված հացին մեջ մխվեցան զայրույթի ջղաձգությամբ մը, բզկտեցին զայն և հետո քանի մը կտորներ կարկառեցին Աննիկին որ սկսավ սովալլուկի պես ծամել այդ անմարսելի խմորը, ի ներքուստ ուրախանալով տիրող մութին վրա, որ կը ծածկեր իրենց սրտակտոր թշվառությունը և այն մոլեգնությունը որով հացին բերկորները կը ծամեր ու կը կլլեր։

Ճաշեն ետքը, մայր ու աղջիկ երկնցան տափակ անկողնի մը վրա որ միշտ փռված կը մնար՝ իբր բազմոց ծառայելով ցերեկները։

Պետիկ արդեն կը, քնանար՝ կուրծքին տակ անհուն խժոցով մը։

Աննիկ մինչև առտու հազաց անձրևին հետ որ մինչև առտու տեղաց անդուլ, անդադրում։

Բ.

Ամեն առտու, լույսը ճեղքվելեն առաջ կը ելներ Պետիկ. բայց որովհետև այն առտու կանթեղ չիկար լուսավորելու համար մութն որ կը տիրեր սենյակին մեջ, ստիպվեցավ երկնքին լուսապայծառ վիթխարի կանթեղին սպասել, որ չուշացավ իր աներևույթ ճառագայթներր հեղուլ թաքնձրակուռ ամպերու կռնակին վրա, մութ-գորշագույնեն սպիտակ-գորշագույնի փոխելով անոնց լայնատարած զանգվածը, ուսկից կը քաշվեին ջուրի անվերջ անսպառ թելեր։

Պետիկ չորս կողմը նայեցավ. կինը անկողնեն դուրս նետած էր իր ոտքերը, կարմիր և վտիտ, մինչև ծունգը ցուցնելով իր ողորմելի սրունքները, գլուխը բարձեն վար ինկած էր՝ սպիտակախառն մազերու խռվացյալ փունջի մը տակ կիսովին կորսված, կիսախուփ շուրթերուն մեջեն երևցնելով սև կոտրած