ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Հակառակ տարիներու խոշոր անջրպետով մը բաժնված ըլլալուս իրմե, Մարտիրոս պատվելին տակավին մինչև հիմակ աչքիս առջևն է իր մարմնեղ կազմվածքովը, դուրս պոռթկացող այտերով բեռնավոր իր դեմքովը, եզան խաղաղ ու հեզ աչվըներովը, բայց մանավանդ թավաստև, խռովային, բարբարոս պեխերովը, որոնք ոչ միայն ամբողջ բերանը կծածկեին, այլ և իրենց խիտ ծիլերովն ու ճյուղերովը ռնգունքները խցելե հետո քթին սահմանները կթևակսխեին, մեկ կողմե դեպի աչքերը արշավելու ճիգով մը, մյուս կողմե այտուռեցներեն դեպի ականջները խոյանալու հանդգնությամբ մը։ Մարմնին ամենեն հատկանշական մասը անտարակույս պեխն էր, ու մազի այդ հրաբխային ժայթքումը դեմքեն դուրս, տեսակ մը խորհրդավորություն և պատկառելիություն կուտար Մարտիրոս աղային, որ իր մատվըներուն պերևեթիկ ու փայփայիշ շոշափումներովը արդեն հայտնորեն ցույց կուտար, թե իր էությունը հիմնավորված էր գլխավորապես այդ վիթխարի պեխերուն վրա։ Առանց ատոնց, կմտածեի ես՝ ամեն անգամ,որ անոնք նայվածքս խոշտանգեին, այդ մարդը ծաղրելի բան մը պիտի ըլլար, կարգ մը էակներու մերկությանը պես արգահատելի ու զավեշաական բան մը, համարժեք ֆիզիկական բացարձակ սնանկության։ Իրավ է, թե ամեն անգամ նաև, որ այդ մարդը տեսնելու և անոր հետ խոսելու դժբախտ առիթը ներկայանար, կատաղի փափաքը կունենայի քաշելու, փեթռելու այդ զարհուրելի պեխերը, զորս անմարդկային կգտնեի։
Եվ որովհետև, սակայն, մարդը բողոքական պատվելի մը էր,