Էջ:Novellas of Erukhan.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեև շատ երկրորդական տեսակեն,այդ պեխերը բնատուր, աստվածատուր զարդ մըն էին իրեն համար, և ինծի կուգար,որ անոնք—երբ ժողովարանին մեջ իր թավ և ռնգային ձայնովը աղոթք կկարդար—դերը կկատարեին այն ոսկեճամուկ շուրջառին, զոր մեր պատարագավոր եպիսկոպոսները կհագնեին և որուն շքեղությանը տակ պահ մը կմոռնաս, թե կրնա ծածկված ըլլալ գռեհիկ , աննշան և ողորմելի մարդ մը իսկ։Կխորհեյի նաև, որ առանց այդ զարմանահրաշ պեխերուն , Մարտիրոս աղան պատվելի չպիտի կրնար ըլլալ։ Անպատճառ այդ պեխերուն իր կողմե մանրակրկիտ գնահատությունը և անոնց պատվելիադրոշմ հանգամանքն էր, որ զինքը մղած էին նետվիլ ասպարեզի մը մեջ, ուր գուցե չափազանց ողբալի ըլլար ինքը, եթե նախախնամությունը մազի այդ անհեթեթ փունջովը օժտած չըլլար զինքը։ Պատվելիությունը միայն կրնար արդարացնել այդ վայրենախռիվ պեխավորությունը։ Ես տեսած եմ սակայն ուրիշ պատվելիներ, որոնք, ընդհակառակը, բնավ պեխ չունեին, լերկ, զերծ, ողորկ շրթներով։ Ասկեց հետևցուցած եմ, թե բողոքական պատվելի ըլլալու համար արժանավորապես, կամ պետք է ունենալ ահավոր առատությամբ պեխեր կամ բոլորովին լերկ ու մերկ շրթներ։ Ասոնց միջինը անհաջողություն և անձեռնահասություն կենթադրե թերևս։Եվ իբրև ապացույց այս քիչ մը մտացածին վարկածիս, կրնամ մեջ բերել պարագան պատրիարքարանի բարապաններու և դեսպանատանց քավասներու, որոնք մեծագույն մասամբ օժտված կըլլան թավախիտ, մարտական, ըմբշային պեխերով, և որոնք իրենց դիրքը, իրենց գործը, ապրուստը, կյանքը պարզապես կպարտին մազերու այդ արտասովոր առատությանը՝ իրենց դունչին վրա։ Ասոր մեջ ճակատագրային բան մը կտեսնեմ ես։ Առատ պեխեր ունենալ բախտ մը չէ՞ արդյոք։ Տեսած եք խոշոր և հզոր պեխերով մարդ մը, որ ավուր հացի կարոտ ըլլա կամ անգործ։ Անկարելի է։ Եվ ասոր ամենեն բարբառուն ապացույցը, ըստ իս, սա պատվելի Մարտիրոսն էր, որ, ավելի քան վստահ եմ, առանց այդ հազվագյուտ պեխերուն, չպիտի կրնար բարձրանալ մինչև ժողովարանի մը բեմը, կարևոր մարդու երևույթ մը ստանալու և մանավանդ դրամ շահելու համար։ Մուրացկանները,