Էջ:Novellas of Erukhan.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց տալ հավատացյալ ժողովրդյան, երևան հանելով գործին գաղտնիքը։ Բայց կամաց մը կառնեի կքալեի՝ չուզելով գա գայթակղություն մը պատճառել։

Մինչև 96 թվականը մեր գյուղին մեջ Մարտիրոս պատվելին շարունակեց ըլլալ ամենեն հարգելի և պատվավոր մարդերեն մեկը, և վերջին ատենները, նույնիսկ, ի բացակայության քարոզիչին անոր դերը կստանձներ և հոգևորապես ու մտավորապես կմխիթարեր ալ բողոքական հոտը։ Ասիկա՝ իր պեխերուն հմայքին պսակավորումը եղավ։

Բայց ահա եկավ հասավ 96֊ի ուրագանը։ Ամեն բան տակնուվրա եղավ Պոլսո մեջ։ «Կրցողը թող փախչի»-ի ահազանգը հնչեց ամեն կողմ։ Փախան։ Փախանք։ Ոմանք օրեր ու ամիսներ հետո, զիրար գտան, դիպվածով, արտասահմանի անհուն տարածությանը վրա։ Իսկ շատեր հավետ կորսնցուցին զիրար։ Ես այն հազվագյուտ բախտավորներեն մեկը եղա, որոնք դուրսը գտան իրենց սրտին սիրածը կամ մտքին փնտրածը։ Արդարև Բուլգարիո Վ․․․ քաղաքին մեջ, 96֊ի վերջերը, օր մը հանկարծ հանդիպեցա Մարտիրոս պատվելիին։ Աղմկալից քրքիջ մը բարձրացուցի։ Մարդը շփոթված երեսս կնայեր։

― Մարտիրոս աղա, ի՞նչ լուր․ դո՞ւն ալ փախար,― հարցուցի։

— Մարդ մնա՞ց որ չփախչի, ըսավ՝ իր պեխերու մացառուտին վրայեն թոթվելով ձյունին բաթիլները, որ հեշտորեն կհանգչեին հոն։

— Էյ գո՞րծ,— հարցուցի։

— Նորեն առջի գործս․ երբեմն ալ մոտակա գյուղերը կերթամ սուրբ գիրք ծախելու։

— Ըսել է կիրակի օրերը նորեն ժողովարանը․․․

— Հա՛րկավ,—պատասխանեց։

Եվ ձյունին տակ, որ հարսի պես կիջնար, պատմեց ինծի, թե Պոլսի տուն֊տեղը թալլած էին, ու ինք հազիվ ընտանիքովը կրցած Էր Բոլգարիա փախչիլ։

— Փա՜ռք Տիրոջը,—վերջացուց թոթվելով նորեն պեխերը, որ ահագին քանակությամբ ձյուն կհամբարեին իրենց թևերուն վրա,