մեկ րոպեի մեջ։Եվ հեռացավ գնաց երջանիկ մարդու քալվածքով։
Ու մտածեցի։ Վայրենիներ կողոպտած էին ինչպես զիս, այդ խեղճ մարդն ալ, սա տարբերությամբ, որ, ինչքան ալ անգութ, երբեք չէին մտածած անոր հաջողությանը գաղտնիքը և ապրուստին միակ միջոցը—պեխերը—անոր ձեռքեն խլել առնել։ մարդուն հո՞գն էր. պեխերովը փախած էր ան։ Ե՞ս ինչովս փախած էի, աստվա՜ծ իմ, ենթակա ամեն տեսակ ձախողությանց ու դժբախտությանց։ Եվ առաջին անգամ ըլլալով՝ խոշոր ու պատկառելի պեխի մը կարոտն զգացի։
Մարտիրոս աղան ա՛լ անկեց ետքը շատ տեսա․ իրեն համար հատկապես ժողովարան գացի․ նույն մարդն էր, նույն կացության մեջ, նույն միջավայրին մեջ։ Նույն իսկ, այս տեղափոխության շնորհիվ, հառաջացած ալ էր․ երկրորդական քարոզիչի հանգամանքը շնորհված էր իրեն։ Պեխերը ավելի քան երբեք առատ էին, կարծես իր հառաջադիմությանը հետ համեմատական, իրենց լրումին փառավորության մեջ։ Անշուշտ արտասահմանի նժդեհական կյանքի տվայտանքներն ու վշտալի իրադարձությունները թույլ չտվին, որ կարենայի ազատ սրտով ու անձանձիր հետևիլ մարդուկիս ու անոր հոյակապ պեխերուն խաղաղ և զարմանալի ոդիսականին։ Դիպվածին միայն կպարտիմ, եթե զանոնք առիթ ունեցա երբեմն-երբեմն գնահատել նորեն, հրճվիլ, կատղիլ, ոգևորվիլ և տրտմիլ անոնցով։ Նույնիսկ, քանի մը տարի ետքը, իր հետքն ալ կորսնցուցի, և օր եկավ, որ ա՛լ ոչ Մարտիրոս պատվելիին և ոչ ալ անոր չնաշխարհիկ պեխերուն վրա սկսա մտածել։ Անոնք ինծի համար բոլորովին մեռած էին, երբ անակնկալ առիթ մը հանկարծ արթնցուցին հին սխրալի հիշատակներս:
901-ին, Վ․․․ քաղաքեն ցամաքային ճամբորդություն մը կընեի։ Գիշերը կառքս հասավ հանգրվան—գյուղ մը, որուն անունը չեմ հիշեր այժմ, և որ բուլդար և հույն գյուղացիներե բնակված էր: Ողորմելի պանդոկ մը առաջնորդվեցա, ուր ստիպված էի գիշերել՝ բուռն փոթորիկի մը պատճառով ճամբան շարունակելը անկարելի ըլլալով։ Պանդոկին փցուն և աղտոտ ճաշարանը