Էջ:Novellas of Erukhan.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ հողին տակ պառկող մեռելներուն։ Գերեզմանոցին տարածությանը վրա սգավորներ եկած էին պագտվիլ հողին հետ, որուն տակ սիրելիներու կմախաշար կարավանները կփտտին որդնալից։

Կոպեռնիկոս էֆենդի տեսակ մը գոհունակության շարժում ունեցավ։ Մեռելաստանի իր երևակայած ահավոր ամայությունը ահա շենցած էր․ ու ինքը իրեն պես շատերուն մեջ աննշմար պիտի մնար, ու իր այդ այցելությունը, որմե կսոսկար տարիներե ի վեր, պարզ և գուցե հաճելի պտույտի մը հանգամանքը պիտի առներ, հակառակ իր ենթադրությանը, ուրիշներու աչքին։

Առևտրական աշխարհի մարդ, միշտ տեսակ մը նողկանք տածած էր մեռելներու աշխարհին համար, որմե կարելի եղածին չափ խույս տված էր։ Մահվան համար, որուն հանդերձյալ կյանքի հռչակված հեռանկարը իր կարծիքովը անճոռնի պարադոքս մըն էր, այնքան բնածին սոսկումով մըն էր լեցված, որ երբեք չէր ուզեր անոր վրա մտածել, անոր տվայտիլ, աշխարհը՝ օրին մեկը ձգելու գաղափարին հետ կատաղորեն անհաշտ։ Կոպեռնիկոս էֆենդիի որևէ հուղարկավորության չհետևիլը ամեն մարդ գիտեր իր բարեկամական շրջանակին մեջ, և ոչոք կվշտանար, երբ որ ծանոթի մը կամ ազգականի մը մահվան առթիվ փոխանակ մեռելին ներկա գտնվելու անձամպ՝ քարտով մը կամ ծաղկեփունջով մը իր ցավակցությունը հայտներ։

— Ատ կողմս տկար է, ինչ ընեմ, ձեռքս չէ, սիրտս չի դիմանար, գեշ կըլլամ,—կըսեր։

Սակայն մեկ քանիներ իր վաղածանոթներեն՝ լսած էին, առանց շատ պնդելու, թե Կոպեռնիկոս էֆենդի իր վաճառականի հիմակվան դիրքին չհասած, շատ անգամներ ներկա գտնված էր հուղարկավորությանց, առանց հուզման ակներև նշաններ ցույց տալու։ Վերջին ութը-տասը տարվան միջոցին էր, որ մեկենիմեկ հոգեկան այդ տկարության մղված էր և խույս տված մեռելներեն ու գերեզմանոցներեն։ Բայց որովհետև ազգային կամ հանրային հարց մը չէր ասիկա, մարդիկ աչք գոցած էին և անտարբեր գտնված։

Մանավանդ, որ վերջին տասը տարվան միջոցին իր իսկ ընտանիքին