Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Դուրյան գրած է իր բոլոր տաղերը մեկ տեսակ մելանով, որուն գույնը սև է, նվազ սև մը»։ Ուրեմն, 1871-ին Դուրյանը կազմել է բանաստեղծությունների երկրորդ տետրը, որին անշուշտ պետք է նախորդած լիներ առաջինը։ Որ իսկապես եղել են և կան երկու տետր, հաստատում են նաև Սիմոն Սիմոնյանն («Սփյուռք», 1959, թիվ 32, էջ 3) և Ա. Գալայճյանը (Տ, էջ է)։

Ձեռագիր տետրերում տեղ են գտել թանաքով արտագրված տաղերը։ Նախքան տետրերում մաքրագրելը, Դուրյանն իր տաղերը գրել է մատիտով, առանձին թերթերի վրա։ Այդ եզրակացության են բերում Ա. Չոպանյանի հետնյալ տողերը. «Իր տաղերուն սևագրություններեն մեկ քանին տեսած եմ, գրեթե ամենքը մատիտով գրված են, թերևս դաշտը, բլուրի մը վրա, կամ զբոսավայր մը, եկող անցնող տպավորությունը կամ սիրտը տրոփեցնող հիշատակ մը իր թռիչին մեջ բռնելով ու թուղթին վրա սևեռելով։ Սըրբագրությունները հազվագյուտ են այդ ձեռագիրներուն մեջ։ Կան, որ անարատ են, օրինակվածի պես, իրենց վերջնական ձևով խորհված ու գրված։

Կան իր տաղերուն մեջ այնպիսիներ, որոնց մեջ ինքն իսկ փոփոխություններ մտցուցած է, բայց ատեն անցնելե ետքը քննական աչքով վերընթերցումե մը հետո, ինչպես կտեսնենք իր տաղերուն երկրորդ օրինակության մեջ, զոր ինքն իսկ կատարած է» («Դուրյանի կյանքը...», էջ 182— —183)։

Մատիտով գրված տաղերը օրինակելով առաջին տետրում, Դուրյանը չի գոհացել և շարունակել է վերամշակել դրանք` մաքրագրելով երկրորդ անգամ։ Այս ձևով էլ ստեղծվել են երկու տետրերը։

Այժմ այդ տետրերի մասին։

Ձեռնամուխ լինելով Պ. Դուրյանի մասին կենսագրական և քննադատական ուսումնասիրություն գրելուն, Ա. Չոպանյանը 1891-ին դիմում է Ե. Դուրյանի օգնությանը։ Վերջինս Արմաշից Չոպանյանին է ուղարկել սովորական տետրի հինգ էջի վրա հետաքրքիր նշումներ (որ դրանք գրված են նրա ձեռքով, ցույց է տալիս Եղիշե վ.[արդապետ] Դ.[ուրյան] ստորագրությունը)։ Այդ փաստաթղթում ուշագրավ է Պ. Դուրյանի տաղերի երկրորդ տետրի հետևյալ ցանկը` գրություն թվականներով և Ե. Դուրյանի թռուցիկ դիտողություններով։