Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ թող հոն, հոն, ցամքին արցունքս ու արյուն,
Ո՜հ, հոն վերջ տամ կենացս սև օրերուն:
Ցցո՛ւր, անգութ Սև հողեր,
Իմ սիրելյացս դամբաններ:


ՎԱՂԵՆԱԿ.– Ի՞նչ քաղցր ձայն... Աստված իմ, պիտի ճանչնամ ես այս ձայնը... Այս ձայնը քաղցրիկ հիշատակներ կը զարթուցանե սրտիս մեջ... Նազենիկիս ձայնն է... այո՛, անոր ձայնն է... (հանկարծ ոտքի կելնե դողդոջուն) Նազենի՜կ... եկո՜ւր... հո՛ս է Վաղենակ... հո՛ս...

Տեսիլ Դ

ՎԱՂԵՆԱԿ, ՆԱԶԵՆԻԿ

ՆԱԶԵՆԻԿ.– Երկի՛նք, մինչև ե՞րբ պիտի թափառիմ այսպես միայնակ ու արտասվալից. կամ սիրելյացս և կամ մահվան ցուրտ գիրկը մղեցեք զիս։


ՎԱՂԵՆԱԿ.– Նազենիկ... Նազենիկ...

ՆԱԶԵՆԻԿ.– Աստվա՜ծ իմ... Ի՞նչ ձայն է այս, ո՞վ կը գոչե զիս...

ՎԱՂԵՆԱԿ.– Նազենիկ, եկո՛ւր... հոս է Վաղենակ...

ՆԱԶԵՆԻԿ.– (զայն տեսնելով և դեպի անոր վազելով) Վաղենա՜կ...

ՎԱՂԵՆԱԿ.– Նազենիկ... Դո՞ւ ես... Դարձյալ գրկացս մեջ կը գտնեմ զքեզ, ես որ հուսահատ գերեզմանին սև եզերքները կը թափառեի, ես որ զքեզ մեռած կը կարծեի... Ո՜հ, գրկե՛ զիս և կարոտնիս առնենք, վասնզի քիչ ատենեն դիակ մը պիտի գտնես թևերուդ մեջ... վասնզի քիչ ատենեն