Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնեմ ոտիցս տակ անմեղ կին մը, գունատ և խոժոռ դեմք մը և կը լսեմ երբեմն անեծք մրմնջող ձայն մը… ի՞նչ է եղեր ուրեմն հեշտությունը. զեփյուռ մը որ հրատապ սիրտ մը զովացնելով և իր հետքին վրա արցունք սփռելով կը սահի, որուն զովությունը մանրերկրորդ մը կը տևե… բայց որչափ ալ տևե դարձյալ այն զեփյուռին կը տենչանք... ուրեմն կը սիրեմ ես և թող սիրվիմ… ոտնաձայն մը կա… անշուշտ ճամբորդ մ՚է... քաջալերությո՜ւն:



Տեսիլ Բ




ՍՈՒՐՄԱԿ և ԳԵՂԱՄ



ԳԵՂԱՄ.- (աջ կողմեն գալով) Ո՜հ, այո՛, դառն է այս սերը։

ՍՈՒՐՄԱԿ.- (դաշույն ի ձեռին մոտենալով) Քսակդ կամ կյանքդ…

ԳԵՂԱՄ.- Ի՜նչ քսակ կը խնդրես ինձնե, խեղճ ավազակ… ես միայն վշտահար սիրտ մ՚ունիմ...

ՍՈՒՐՄԱԿ.- Ես անանկ խոսքերու ականջ չեմ կախեր... քսակդ կամ կյանքդ...

ԳԵՂԱՄ.- Ուրեմն մեռցո՛ւր զիս... բայց գիտցիր, որ բան մը չունիմ... եթե որբ, խղճալի ու թափառական երիտասարդի մը արյան ծարավի ես` խոզխողե զիս և իմ արյունլվա դիակս տարածն անոր առջևը, զոր ես կը սիրեմ ի բոլոր սրտե։

ՍՈՒՐՄԱԿ.- (մեկուսի) Խե՜ղճ տղա, իր խոսքերը սիրտս կը շարժեն, չեմ համարձակիր ձեռք վերցնել իր վրա, կարծես թե աներևույթ ձեռք մը կը բռնե զիս։