Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Ե

ՀԱՅԱՍՏԱՆ (առանձին)

Օ՜ն, գերեզմաննիդ մտեք, ստվե՛րք դյուցազանց... Ձեր ողբերովը չե՛ն քակվիր այս շղթաները, դուք որ կաշկանդյալ եք հավիտենականության շղթաներով. հեռացե՛ք. ձեր ողբերը միայն նախնի փառաց հիշատակներ կը զարթուցանեն ավերակաց մեջեն... Խավար է Հայասաանի ճակաաագիրը... Ա՜հ, երկինք, վերցուր գլխուս վրայեն վրեժխնդրությանդ հրացայտ սուրը, որուն վրա հայելվո մը պես, ահա միշտ փշապատ գերեզմանս կը նշմարեմ... Ո՜հ, այդ սրովդ խորտակե այս շղթաները և քու բարկությանդ կայծակովը այրե՛ ճակտիս փուշերը... Դեռ չսպառեցա՞վ վրեժխնդրությունդ... Չը տեսա՞ր միթե որչափ արյուն ծծեց այն Սև հողերը, մինչև անգամ արևը զարհուրեցավ իր լույսը սփռելու... Դեռ կը գոռա ականջիս այն ահռելի ձայնը. «Հայաստանը պիտի ջնջվի՜», դեռ աչացս առջև է Թշվառության արենակաթ տապարը... (ծունր գալով) Ձայն տվե՛ք, երկի՛նք, պիտի քակվի՞ն այս շղթաները, ձա՛յն տվեք, դեռ շա՞տ պիտի հեծե Հայաստան...

Տեսիլ Զ

ՀԱՅԱՍՏԱՆ և ՀՈԻՅՍ

ՀՈՒՅՍ.– Մի՛ հուսահատիր, Հայաստան... Դեռ կրնան խորտակիլ այդ շղթաները... դեռ աստղ մը ունիս։