Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց չընդունիր․ սակայն ամեն օր հաճախելով Արտաշես` աղջկան սիրտը կը գրավե. աղջիկը վերջապես ալ անկե չի փախչիր, երկու շունչեր իրարու կը մոտենան, երկու թևեր զիրար կը գրկեն... Աղջիկը հոգվույն չափ սեր կուտա արքաորդվույն, բավական ժամանակ կանցնի այսպես, աղջկան ծնողքը անտեղյակ կըլլան այս անցքին, Արտաշես կը խոստանա զայն իրեն թագուհի ընել, երբ թագավոր ըլլա, բայց քիչ քիչ կսկսի իր տեսությունը ընդհատել և վերջապես դադրեցնել։ Թագավոր կըլլա, տարի կանցնի` չերևար, շատ օրեր խեղճ կինը Արտաշեսի ճամփուն վրա կսպասե, բայց իզո՜ւր... դեռ կը սիրե... Օր մ՚ալ Արտաշես որսի ելած ատենը, հեռուեն կին մը կուգա փութաքայլ, դժգույն ու հերարձակ, և գրկի տղան Արտաշեսի երիվարին առջև դնելով. «Առ այս տղան.— կաղաղակե— Արշեզ է անունը, քու զավակդ է, ասոր համար ծնողքես հեռու կը թափառիմ, չունիմ հաց` որ իրեն տամ... (Արշեզ զարմացական շարժումներ կընե) Արտաշես երեսը դարձուցած թիկնապահաց կը հրամայե, որ տղան առնեն և կսկսի սրընթաց հեռանալ, կինը հուսահատ կիյնա. վայրկյան մը արտասվալից կաղոթե... Ալ այնուհետև կատե, և վրեժխնդրության ասուպ մը կըլլա իր սիրտը։ Վերջապես կը մեռնին հայրն ու մայրը, կը գտնե առիթ, կը գոտեպնդի, և ահա այսօր կը հասնի պալատը, կը հարցնե Արշեզը, կը գտնե իր վահանը, կը ճանչնա իր զավակը... Այն կինը ես եմ, այն կինը քու մայրդ է...


ԱՐՇԵԶ.— Մա՜յրս (կը գրկվին), բայց Արտաշես... Իմ հա՜յրս...