Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Գ

ԱՊՐՍԱՄ (առանձին ներս կը մտնե)

Վերջապես չեմ կրնար սանձել սրտիս այս փրփրեբախ դժոխքը. պիտի տեսնեմ զինքը, պիտի իյնամ իր ոտքը, պիտի նետեմ սուրս իր առջին ըսելով` «ա՛ռ սուրս, տո՛ւր սերդ». և եթե դեռ մերժե իմ սերս, սոսկալի պիտի ըլլամ իմ սրտիս դժոխքին նման... կը սիրեմ ես, ինչպես կը սիրե վագրն իր արյունաթաթավ որսը, կը սիրեմ, ինչպես կը սիրե Պարսիկն իր Արևը. ինքը կը զայրանա ինձ դեմ, երբ կսպառնա, աստղի մը նման շողշողուն կըլլա ինձ համար. երբ կը տժգունի՝ ճառագայթ, երբ կր շառագնի՝ բոց մը... Սակայն դարձյալ կը դողամ իրմե, ինչպես ոճրագործն աստղե մը... Ա՛հ, ոտքի ձայն մը կա... ինքն Է կարծեմ...

Տեսիլ Դ

ՆՈՒՅՆ և ԶԱՐՄՈՒՀԻ

ԶԱՐՄՈՒՀԻ.— Դու հո՞ս, զորապետ։

ԱՊՐՍԱՄ.— Քեզ տեսնել ուզեցի:
ԶԱՐՄՈՒՀԻ.— Ի՞նչ բանի համար։
ԱՊՐՍԱՄ.— Վասնզի քեզնե հեռու դառն և խավար Է ինձ
կյանքը.– Զարմուհի, քու ժպիտդ միայն քաղցր և լուսավոր պիտի ընե զայն։
ԶԱՐՄՈՒՀԻ.— Զորապե՛տ։
ԱՊՐՍԱՄ.— Ինձ դեմ մի՛ զայրանար, Զարմուհի, այլ անիծե՝ այն ձեռքը, որ այս կրակը սիրտս ձգեց: