Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱԿԱՐ.— Ուրեմն այն աղջիկը քու մայրդ է։


ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Այո՛, կար կարելով զիս և ինքզինքը խնայությամբ կը սնուցանե... երբ մանուկ Էի, խաղալիք չունենալով մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կը խաղայի, երբ խելահաս եղա` բազմոցի տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կը նստեի, երբ պատանի եղա շատ անգամ մորմես ծածկվելով կուտեի ցամաք հացը... վերջապես երիտասարդ եղա գրեթե` մայրս զիս աշկերտ տվավ դրացի երկաթագործի մը քով. մինչև իրիկուն կռանով սալը ծեծելով կրակին դեմը հոգիս բերանս կուգար և ուժս կսպառեր, վասնզի ցամաք հացով և ցուրտով սնած Էի, ավուրչեք 60 փարա կառնեի... վերջապես մայրս, որ քանի մը ամիսե ի վեր հազեն կը հալեր, մեռավ... մորս կուրծքին վրայեն մատանի մը գտա, զոր երբեք մատը դնելը տեսած չէի, վրան «Մ» նշանագիր մը կար, որ անշուշտ իր սիրահար Մուրատոֆի տվածը պիտի ըլլար... մայրս շատ սիրելուս` այս մատանին, որ ահա մատս է, միշտ հիշատակ պահեցի և երբեք ծախել չը մտաբերեցի` աղքատության մեջ անգամ։

ՄԱԿԱՐ.— Եվ դեռ կը պահես։

ՆԱՀԱՊԵՏՈՖ.— Միշտ... մորս մահվան և իմ թշվառ վիճակիս վրա վշտահար գիշեր մը, չը գիտեմ ի՛նչ դիտավորությամբ, այլ գրեթե սրտատանջությունս փարատելու համար Վոսփորի եզերքները կը թափառեի` լուսընկային, ինքզինքս ամայի տեղվանք գտա... այն ամայության մեջ կռանի` սալին զարնվելու ձայներ և ուրիշ աղմուկներ կը լսեի, չորս դիս նայեցա և շենք մը չը տեսա, կենդանյաց որջի կամ քարայրի պես տեղե մը կանցնեի,