1) ՍՈՒՐԷ ՖԱԹԻՀԷԹ ԻՒԼ ՔԻԹԱՊ
Մէքքէական․ եօթը այէ
Գթած ողորմած Աստուծոյ անունովը։
1. Փառք լինի Աստուծուն, աշխարհքների Տիրոջը։
2. Գթած ողորմածին․
3. Դատաստանի օրւայ Տիրոջը։
4. Քեզ պաշտում ենք եւ քեզ օգնութան ենք կանչում։
5. Մեզ առաջնորդիր ուղիղ ճանապարհովը․
6. Նրանց ճանապարհովը, որոնց շնորհք ես արել։
7. Ոչ թէ բարկութան արժանացածների, ոչ էլ մոլորւածների ճանապարհով։
2) ՍՈՒՐԷ ԲԱԳԱՐԱ
Մէդինէական․ երկու հարիւր ութսուն վեց այէ։
Գթած ողորմած Աստուծոյ անունովը։
1. Ա․ Լ․ Մ․ Սա այն գիրքն է, որի մէջ կասկած չըկայ, երկիւղածների համար ուղեցոյց է։
2. Որոնք հաւատում են աներեւոյթին․ ու աղօթքը կատարում, ու ինչ իրանց տւել ենք, նրանից ողորմութիւն են տալիս․
3. Եւ որոնք հաւատում են այն բանին որ վար է իջեցրւել քեզ, ու նրան որ քեզնից առաջ է վար իջեցրւել ու հանդերձեալի մասին համոզւած են։
4. Նրանք իրանց Տիրոջ կողմանէ ուղիղ առաջնորդութեան վրայ են, ու նրանք երջանիկ են։
5. Իսկ նրանք որ չեն հաւատում, միեւնոյն է