Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. «Որ այդ նահանգների հայերը բրդերի նման ոչ երբեք բնակվում են «չադրներում (վրան) և լեռների բարձրավանդակների վրա»» (312)։

Սուտ է, «Կայծերի» մեջ չէ ասված, թե այդ երկրների հայերը բնակվում էին միմիայն չադրներում, լեռների բարձրավանդակների վրա։ Այլ ասված է որպես երկրագործ և միևնույն ժամանակ անասնապահ ժողովուրդ, բնակվում էին գյուղերում, տուներ ունեին, իսկ չադրներում բնակվում էին այն ժամանակ, երբ լեռների արոտատեղիներում արածացնում էին իրանց ոչխարները։

10 «Որ Բարդուղիմեոս առաքելո վանքի կշտի դաշտը չէ որ «Հաբիստան է կոչվում» (319), այլ համանուն գյուղը, որ անունով և դաշտն էլ կոչվում է Հաբստանու դաշտ»։

Նախ և առաջ, Հաբիստան չէ, այլ Հասբիստան է, երկրորդ, «Կայծերի» մեջ խոսքը դաշտի մասին է և ոչ թե գյուղի մասին, իսկ թե գյուղն էլ կոչվում է դաշտի անունով,— այդ ո՞վ է հերքում։

11. «Որ մուքրիներն (մուքուրիներ) և մամքաները (քրդական ցեղեր են) ոչ երբեք կարող էին միմյանց հետ շարունակ վեճեր և կռիվներ ունենալ (320), որովհետև առաջինները բնակվում էին և են Հաղբակում, իսկ երկրորդները — Խնուսում,— մի ահագին տարածություն հեռու միմյանցից»։

«Կայծերի» մեջ չէ ցույց տված քուրդ ցեղերի բնակության տեղերը և ի՜նչ տեղ պետք է ցույց տալ թափառական քրդին, որը անդադար գաղթում է։ Իսկ պ. Հայկունու ցույց աված տեղերը, որպես նա կարծում է, ահագին տարածությամբ, հեռու չեն միմյանցից։ Խնուսը հեռու է Աղբակից մի օրվա ճանապարհով միայն։

12. «Որ Ճոլամերիկը գտնվում է ոչ թե «Կորդվաց լեռների մեջ» (322), այլ Մոկաց և Կորճեից լեռների»։

Մոկաց և Կորճեից լեռները միևնույն Կորդվաց լեռներն են։

Մի՞թե պ. Հայկունին չգիտե, որ Կորդիք և Կորճեք միևնույն երկրրներն են։

13. «Որ Արտամետը գտնվում է ոչ թե «Հայոց ձորում (323), այլ Վանա դաշտում»։

Սու՛տ է, «Կայծերի» մեջ չէ՝ ասված, թե Արտամետը գտնվում է Հայոց ձորում։ Սխալ է և այն, թե Արտամետը գտնվում է Վանա դաշտում, Վան քաղաքը դաշտ չունի, նրա դաշտը ծովակի հարթ մակերևույթն է։ Եթե պ. Հայկունին կամենում է Արտամետ գյուղի տեղն իմանալ, նա գտնվում է Հայոց ձորի մուտքի մոտ։