Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1721 թվին, երբ կովկասյան լեռնաբնակները դարձյալ հեղեղի նման թափվեցան, ասպատակեցին Շաքին, Շիրվանը, Գանձակը և անցան մինչև Երասխ գետը,- այդ ժամանակ, երբ մոտեցան Վարանդային, նրանց առջև դուրս եկավ Մելիք-Բաղին և ազատեց երկիրը ավերմունքից: Այդ և դրա նման մի քանի անցքեր այն աստիճան գրանցվեցին տեղային ժողովրդի համակրությունը դեպի Մելիք-Շահնազարյանները, որ ամբողջ Վարանդան ընդունեց իր վրա այդ տոհմի իշխանությունը:

5) Տիզակի Մելիք-ավանյանների ծագումը:

Մելիք-Ավանյանները նույնպես գաղթականներ են, Լոռի գավառի Արտո անունով գյուղից: Տասնվեցերորդ դարում այդ գավառում զորացան Լորիս-Մելիքյանները այդ տոհմից էր Մելիք-Ավանը (Եգանը), որը Ղուկաս վարդապետի որդին էր:

Մելիք-Ավանը անընդհատ կռիվներ ուներ տոհմակից Մելիք-էլիզբարի հետ, որը բռնությամբ խլել էր Մելիք-Ավանից նրա հայրենի ժառանգությունը՝ Փամբակի ձորը և Լոռիի մի մասը: Չկարողանալով հաղթել իր թշնամուն և հալածված նրանից, Մելիք-Ավանը իր հոր՝ Ղուկաս վարդապետի հետ և իր ժողովրդով գաղթեց Ղարաբաղի Տիզակ գվառի Տող գյուղը: Այստեղ նրա հայրը նորոգեց Գտիչ վանքը, միաբանություն հաստատեց և բնակվեցավ նույն վանքում: Իսկ որդին, Մելիք-Ավանը, Տող գյուղում հիմնեց հոյակապ եկեղեցի և ամրացրեց այդ գյուղը շրջապարիսպներով: Նրա փառավոր պալատը նույն գյուղում մինչև այսօր էլ մնում է, հայկական արձանագրություններով, որի մեջ բնակվում են նրա ժառանգներից այն մնացորդները միայն, որոնք Շուշի բերդի Իբրահիմ-խանի հալածանքների ժամանակ ընդունեցին մահմեդականություն: Այդ մահմեդականները ազնվականներ են և պարծանքով են հիշում իրանց նախահոր՝ Մելիք-Ավանի անունը, նրա գերեզմանը օրհնել են տալիս ամեն մի տոն օրերում, և ամեն տարի զատկի ավագ կիրակի պատարագը տեղային եկեղեցում նրանց հաշվով է կատարվում[1]

  1. 1881 թվում, Սյունյաց աշխարհում ճանապարհորդելու ժամանակ, մի գիշեր մնացի Տող գյուղում, այնտեղ ինձ պատմեցին, թե հիշյալ մահմեդականների գլխավոր ներկայացուցիչը իր երկու որդիներին հանձնեց Սարգիս եպիսկոպոս Ջալալյանին. որ նա հայկանա ոգով կրթել տար, հետո քրիստոնեություն ընդունեին և շարունակեին Մելիք-Ավանյանների ժառանգությունը իբրև հայեր: Բայց բարեհոոգի եպիսկոպոսը, փոխանակ նրանց դպրոց տալու, սկսեց ծառայեցնել իր մոտ որպես սպասավորներ: Նրա խոհանոցում մանուկները լրբացան և գողացան եպիսկոպոսի թեյի գթալները: Եպիսկոպոսը այնուհետև ստիպվեցավ նրանց վռնդել տնից: Ջալալյանը այդ ժամանակ Շուշիի առաջնորդն էր: