Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիք֊Գրիգորը խելացի, ճարտարախոս մարդ էր. իր շեկության համար պարսիկներից և օսմանցիներից մականուն ստացավ «սարի֊ մելիք», որ նշանակում է շեկ մելիք։ Զանազան քաջագործություններից հետո, նա հեռացավ աշխարհից, և մտնելով Գանձասարի վանքը, վարդապետ ձեռնադրվեցավ։ Մելիք-Գրիգորից հետո նրա եղբայր Մելիք֊Ալլահվերդին վարեց Խաչենի իշխանությունը, իսկ այդ վերջինի մահից հետո` իր որդի Մելիք֊բեկը, որը ութ որդիներ թողեց։ Նրա որդիներից մեկն էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը, որ սպանվեցավ Շուշի բերդի Իբրահիմ խանից։

4) Վարանդայի Մելիք֊Շահնազարյանների ծագումը։ Առաքել պատմագրի մեջ կարդում ենք հետևյալը. «Թիֆլիսից դուրս գալով շահը (Աբաս մեծը) գնաց Գեղամա գավառը և այնտեղ դրեց իր արքունի բանակը, իսկ ինքը Շահ֊Աբասը իջևանեց Մելիք-Շահնազարի տանը, որ գտնվում էր Մազրա գյուղում և ինքը (մելիքը) բնիկ նույն գյուղացի էր։ Եվ այս Մելիք-Շահնազարը հայոց ազգից էր, հավատով քրիստոնյա. նա փառավոր և հզոր իշխան էր, որը այնպիսի հյուրընկալություն արեց շահին, որպես վայել էր մի թագավորին։ Եվ նա ինքը թագավորի մտերիմը բարեկամն էր և հարգելի էր նրա առջև: Դրա համար թագավորը պատվական ու ազնիվ զգեստներով շքեղացրեց նրան և խալաթներ տվեց. այլև պարգևեց նրան այն գավառի մելիքության իշխանությունը, և ուրիշ դաստակերտներ և գյուղեր ընծայեց նրան և նրա եղբայրներին։ Եվ հաստատուն նոմոս (հրովարտակ) գրեց և կնքեց թագավորական կնիքով և տվեց նրանց, որ այդ ժառանգությունները անփոփոխ լինեն, թե նրանց համար և թե նրանց զավակների համար, սերունդից սերունդ մինչև հավիտյան»։

1682 թվին կովկասյան լեռնաբնակների փոթորկալից արշավանքները Գեղարքունյաց երկիրը ավերակ դարձրին։ Այդ ժամանակ վերոհիշյալ Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Հուսեինը և նրա եղբոր (Մելիք-Միրզա֊բեկի) որդի Մելիք-Բաղին թողին Գեղամա լճի եզերքը և գաղթեցին, իրանց ժողովրդի մի մասի հետ, դեպի Ղարաբաղի կողմերը։ Վարանդա գավառի Ավետարանոց (Չանախչի) գյուղը ընտրեցին նրանք իրանց բնակության համար։ Այստեղ կառուցին եկեղեցի, կուսանաց անապատ և Ավետարանոցը շրջապատեցին ամուր պարիսպներով և նրան բերդի ձև տվին։ Նույն բերդում հիմնեցին իրանց համար ամրոցներ, որոնց հոյակապ շենքերը կիստվեր դրության մեջ մինչև այսօր էլ մնում են։