Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնության ամրությունները պիտի պատերազմեին թշնամու զորության դեմ։ Հայոց զինվորները մասամբ պաշտպանված բերդի մեջ, մասամբ թաքնված շրջակա լեռների խիտ անտառների մեջ, անակնկալ հարձակումներ են գործում, և ջարդում են պարսիկներին։ Ղարադաղի խանը հաղթված, իր զորքերի մեծ մասը կորցրած, ետ է դառնում Պարսկաստան։ Հետևյալ տարին նա արշավանք է գործում ավելի մեծ բազմությամբ. Փանահ-խանը դարձյալ միանում է նրա հետ, բայց երկուսի ջանքերը ևս ապարդյուն են անցնում, Մելիք-Եսային հաղթող է հանդիսանում։

Այնուհետև Փանահ-խանը ամբողջ յոթն տարի պատերազմեց Մելիք-Ավանյան Մելիք-Եսայու հետ, երբ նկատեց, որ հնար չկա նրան հնազանդեցնելու, ստիպվեցավ հաշտվել մտածելով, գուցե բարեկամական միջոցներով կարող կլինի ոչնչացնել նրան, և որպես հետո կտեսնենք, խորամանկ խանի այդ մտադրությունը հաջողվեցավ…


XI

Փանահ-խանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես համոզվեցավ, որ Ղարաբաղի մելիքների միաբանությունը քանդելու համար և Ղարաբաղի մեջ մի հաստատ դիրք բռնելու համար, անպատճառ հարկավոր է, որ մելիքներից գոնե մեկին գրավե դեպի իր կողմը։ Մի աղետալի անցք կատարեց նրա ցանկությունը։

Որպես վերևում հիշեցինք, Նադիր-շահը Մուղանի անապատում իրան պարսից թագավոր հրատարակելուց հետո, Ղարաբաղի հինգ մելիքներին հաստատեց իրանց իշխանությունների մեջ, տալով նրանց հայրենական վաղեմի իրավունքները։ Բայց միևնույն տարվա մեջ (1736) վախճանվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը, որի կինը Ավետարանոց գյուղում կոտորել տվեց օսմանցիներին։ Մելիք-Հուսեինի փոխարեն Վարանդային սկսեց կառավարել նրա ազգական Մելի-Միրզա-բեկ II[1]։ Դա իր հանդուգն անհնազանդությամբ գրգռեց շահի բարկությունը և շահը հրամայեց գլխատել նրան։ Մելիք-Միրզա-բեկ II փոխարեն շահը Վարանդայի մելիք նշանակեց Մելիք-Հուսեինի որդի Մելիք-Հովսեփին։ Այդ Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեին էին կոչում, չափազանց հեզաբարո, գրասեր և խելացի

  1. Մելիք-Միրզա-բեկ II Մելիք-Բաղիի որդին էր, իսկ այդ վերջինը՝ Մելիք Հուսեինի հորեղբայր Մելիք-Միրզա-բեկ I որդին էր։